Բավ է պառակտվել
26-06-2015 11:47

Ադրբեջանի ԱԳՆ-ն սպառնում է դուրս գալ Եվրախորհրդից

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի կողմից հունիսի 23-ին ընդունված «Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության մասին» բանաձևը Բաքվի հանդեպ կանխակալ և չհիմնավորված մոտեցման ևս մեկ օրինակ է, հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն: Գերատեսչության հայտարարության մեջ նշվում է, որ «Ադրբեջանում ակնհայտ է քաղաքական կայունությունը, տնտեսական զարգացումը, սոցիալական բարեկեցությունն ու քաղաքացիական հասարակության ազատությունն ու խոսքի ազատությունը»։ «Ադրբեջանի բոլոր ձեռքբերումները մեկ նպատակ ունեն՝ ապահովել ադրբեջանցի ժողովրդի շահերը, այլ ոչ թե ինչ-որ միջազգային կառույցի հավանությանն արժանանալ»,-ասել է ԱԳՆ-ն։ Գերատեսչության համոզմամբ՝ Եվրոպայի խորհուրդը հակաադրբեջանական փաստաթուղթ է ընդունել, քանի որ Եվրոպային խանգարում է դինամիկ զարգացող մուսուլմանական երկիրը։ «Դա իսլամաֆոբիայի ակնհայտ դրսևորում է»,-կարծում է ԱԳՆ-ն:  Փաստաթղթում նշվում է, որ Ադրբեջանը միշտ պատրաստ է եղել այն կառուցողական առաջարկներն ընդունել, որոնք բխում են ազգային շահերից:  «Անկախ և ինքնիշխան պետության ներքին գործերին միջամտությունը, ցանկացած փաստաթուղթ, որն ընդունվել է վիրավորելու ու ճնշելու նպատակով, անընդունելի է»,-ասված է փաստաթղթում:  Ադրբեջանի արտգործնախարարությունը կարծում է, որ կանխակալ վերաբերմունքն ու երկակի չափանիշները Բաքվին մտածելու տեղիք են տալիս, թե որքանով է անհրաժեշտ Բաքվի մասնակցությունը Եվրոպայի խորհրդում ու նրա խորհրդարանական վեհաժողովում։