09-05-2014 10:26

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը շնորհավորել է մայիսի 9-ի առթիվ


Մայիսի 9-ը հայ ժողովրդի պատմության ամենահիշարժան տոներից մեկն է, որը խորհրդանշում է մեր ազգային բնավորությանը հատուկ հայրենասիրությունն ու խիզախությունը, անձնազոհությունն ու սխրանքը, օտարի լծի դեմ ըմբոստանալու եւ հաղթելու անսասան կամքն ու վճռականությունը: Այս մասին նշված է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձում:

Ուղերձում նաեւ ասվում է.

«Հայրենական մեծ պատերազմի եւ Արցախյան ազատամարտի թանկագի՛ն վետերաններ,

Պաշտպանության բանակի հարգարժա՛ն գեներալներ, սպաներ, զինվորներ,

Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Հաղթանակի տոնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման օրվա առթիվ:

Մայիսի 9-ը հայ ժողովրդի պատմության ամենահիշարժան տոներից մեկն է, որը խորհրդանշում է մեր ազգային բնավորությանը հատուկ հայրենասիրությունն ու խիզախությունը, անձնազոհությունն ու սխրանքը, օտարի լծի դեմ ըմբոստանալու եւ հաղթելու անսասան կամքն ու վճռականությունը: Սա եկել է դարերից եւ իր վկայությունն ստացել Մեծ Հայրենականի տարիներին, երբ տարբեր ժողովուրդների հետ ձեռք ձեռքի մեր հայրերն ու պապերը կռվում էին ֆաշիստական Գերմանիայի դեմ` փրկելով աշխարհը նացիզմի ճիրաններից: Նրանց հերոսական դասը շարունակեց արդեն նոր սերունդը` Արցախյան ազատամարտում պաշտպանելով հայրենի հողն ու կռելով նոր հաղթանակներ:

Պաշտպանության բանակի կազմավորումը եւ Շուշիի ազատագրումը դարձան այն կարեւոր ձեռքբերումները, որոնք հիմք դրեցին մեր հետագա բոլոր հաջողությունների համար: Հայաստանի եւ Սփյուռքի մեր քույրերի ու եղբայրների հետ մեկտեղ հաջողվեց ոչ միայն հաղթանակ տանել մեզ պարտադրված ծանր ու դաժան պատերազմում, այլեւ կառուցել օր օրի շենացող ու զորացող երկիր` շարունակելով հայրենիքի համար նահատակված քաջ հայորդիների կիսատ թողած գործը եւ հավերժացնելով նրանց հիշատակը:

Թանկագի՛ն հայրենակիցներ,

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիս մայիսյան այս փառապանծ Եռատոնի առթիվ եւ մաղթում խաղաղություն, բարօրություն ու նորանոր հաղթանակներ մեր հերոսական ժողովրդին ու հայրենիքին»: