Բավ է պառակտվել
20-02-2014 11:15

Այսօր Արցախի վերածննդի օրն է

Այսօր Արցախի վերածննդի օրն է: Օրվա առթիվ նախագահ Բակո Սահակյանը հանդես է եկել ուղերձով
«Սիրելի հայրենակիցներ,
Արցախի Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Արցախի վերածննդի օրվա առթիվ:
Փետրվարի 20-ը մեր ժողովրդի պատմության մեջ մտավ որպես մի տոն, որը խորհրդանշում է արցախցիների ազատատենչ ոգին, հայրենի երկրում ազատ ու անկախ ապրելու և սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու անսասան կամքը: Այդ օրինական, խաղաղ ու արդարացի պահանջին ի պատասխան Ադրբեջանը սանձազերծեց կոտորածներ ու բռնի տեղահանություններ և մեր նորանկախ պետությանը ներքաշեց արյունահեղ պատերազմի մեջ: Դա չափազանց ծանր ու դժվարին տարիներ էին Արցախի կյանքում: Դիմակայելով անասելի զրկանքների ու փորձությունների, կրելով անդառնալի կորուստներ` մեր ժողովուրդը պահ անգամ չերկմտեց ու չընկճվեց, այլ իր քաջ զավակների կյանքի գնով, աշխարհասփյուռ քույրերի ու եղբայրների միասնականության ու սխրանքի շնորհիվ կարողացավ պաշտպանել հայրենի հողը: Հայրենիքի նվիրյալների հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում եւ սերունդների հիշողության մեջ:
Անցած տարիները եկան ապացուցելու, որ մեր ընտրած ուղին ճիշտ է ու անշրջելի: Արցախահայությունը շարունակում է կառուցել միջազգային նորմերին ու չափանիշներին համապատասխան ժողովրդավարական պետություն, շարունակում է շենացնել գյուղերն ու քաղաքները, կառուցել նոր ճանապարհներ ու ջրատարներ, բնակարաններ ու հիվանդանոցներ, դպրոցներ ու մանկապարտեզներ, օրեցօր բարելավել մարդկանց կենսապայմանները:
Թանկագին արցախցիներ, Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիս այս հիշարժան տոնի կապակցությամբ և մաղթում խաղաղություն, քաջառողջություն, բարօրություն և նոր հաջողություններ ու հաղթանակներ` ի փառս մեր հերոսական ժողովրդի և Արցախի Հանրապետության»,-ասված է ուղերձում: