11-06-2014 10:43

Վրաստանում բացահայտվել են Սաակաշվիլիի կառավարման տարիներին գոյություն ունեցած «մահվան ջոկատները»

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի պաշտոնավարման տարիներին լուրեր էին շրջանառվում այսպես կոչված «մահվան ջոկատների» գոյության մասին, ինչն այժմ հաստատվում է պաշտոնական մակարդակով: Այս մասին հաղորդում է Взгляд-ը։

«Մահվան ջոկատներ» Վրաստանում կոչում են մարդկանց խումբը, որոնք առանց դատավարության վերացնում էին անցանկալիներին։ Մարդիկ անհետանում էին հանելուկային պայմաններում, և նրանց հարազատներն ու մերձավորները ոչինչ չէին կարողանում պարզել նրանց մասին։

Իսկ այժմ Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հաղորդել է «ջոկատների» առաջին քննության մանրամասները։ Հայտարարվել է առնվազն երկու առևանգման և վերացման դեպքի մասին։

Երկու դեպքերն էլ տեղի են ունեցել 2008թ.-ին տեղի ունեցած պատերազմից հետո, երբ «լրտեսների» որս էր սկսվել։ Այդ գործով ձերբակալված ՆԳՆ սահմանադրական անվտանգության վարչության ղեկավար Ռոման Շամատավային ցմահ ազատազրկում է սպառնում։