06-08-2014 18:54

Ադրբեջանական կողմն այդ գործողություններին նախապես է պատրաստվել. ԱԳ փոխնախարար

Իսկ ո՞վ է ասել, որ հրամանը տրվել է դիվերսիոն գործողությունների սկսման օրը: Այս մասին հայտարարել է Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով Regnum.ru-ի հարցին, որ Բաքվից հայտարարում են, որ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում եւ հայ-ադրբեջանական սահմանին լարվածության մեծացման ժամանակ Ադրբեջանի նախագահը երկրից դուրս է գտնվել, եւ, հետեւաբար, դիվերսիոն գործողությունները չէին կարող կազմակերպված լինել ադրբեջանական կողմից:
«Առավել եւս, որ ամեն ինչ խոսում է այն մասին, որ ադրբեջանական կողմն այդ գործողություններին նախապես է պատրաստվել: Վերջիվերջո, հրամանը կարելի է տալ նաեւ` գտնվելով արտասահմանում:
Նախագահի աշխատակազմում հիանալի հասկանում են, որ նախագահի` երկրից բացակայելու վերաբերյալ այդպիսի հայտարարությամբ հնարավոր չէ ժխտել միջազգային հանրության համար ակնհայտ փաստը, որ լարվածության մեծացման նախաձեռնողը եղել է հենց ադրբեջանական կողմը: Սակայն հայտարարությունն արված է, եւ դրա նպատակն է շարունակել սեփական ժողովրդին մոլորեցնելու քաղաքականությունը:
Այդ պատճառով, կապված ծրագրված դիվերսիոն գործողությունների, ինչպես նաեւ Ադրբեջանի առաջնորդի վարկանիշի բարձրացմանն ուղղված փիառ արշավի տապալմամբ, նրա աշխատակազմը պարզունակ հայտարարություն արեց, որ նախագահը դրա հետ ոչ մի կապ չունի, քանի որ գտնվում էր արտասահմանում: Որքան պետք է չհարգել սեփական ժողովրդին, որպեսզի փորձել այդպիսի ակնհայտ սուտ հրամցնել վերջինիս:
Նմանատիպ իրավիճակներից խուսափել եւ կրկին ստիպված չլինել երկրում չգտնվել կարելի է հասարակ միջոցով` դադարել իրավիճակի լարումը եւ ուղղել ջանքերը դեպի բանակցային հուն»,-ասել է նա: