Բավ է պառակտվել
15-09-2015 10:41

Ադրբեջանը կորցրել է իրականության զգացողությունը. Էդվարդ Նալբանդյան

Բրիտանական BBC հեռուստառադիոկորպորացիայի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն անդրադարձել է ԼՂ հակամարտությանն ու խոսել դրա լուծման հարցում Հայաստանի դերակատարության մասին։

«Մենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ ջանք չենք խնայում այդ հակամարտության խաղաղ և բացառապես խաղաղ կարգավորման հասնելու համար»,-ասել է ՀՀ արտգործնախարարը։ 
Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ այդ ջանքերը որոշակի արդյունք են տվել: Դեռևս կարգավորում չկա, սակայն երեք համանախագահները՝ ԱՄՆ-ն, Ռուսաստանն ու Ֆրանսիան, հարցով զբաղվում են ամենաբարձր մակարդակով։ 
Նա հիշեցրել է, որ այդ երկրները նախագահների մակարդակով արդեն 5 հայտարարություն են արել: 
«Ի տարբերություն Ադրբեջանի՝ Հայաստանն այդ հայտարարություններից յուրաքանչյուրից հետո հայտարարել է, որ մենք պատրաստ ենք համանախագահների խմբի հետ համատեղ ջանքեր ներդնել՝ այդ հայտարարությունների հիման վրա խնդիրը լուծելու համար։ Ադրբեջանի կողմից դա մինչ այժմ չենք լսել։ Ավելին, Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով փորձում է առհասարակ չհիշել այդ հայտարարությունների մասին, կարծես դրանք չեն էլ եղել»,- ասել է նախարարը։ 
Խոսելով գրեթե ամեն օր տեղի ունեցող փոխհրաձգությունների մասին և պատասխանելով հարցին, թե ի՞նչ պետք է անի Հայաստանը լիամասշտաբ պատերազմը կանխելու համար, Էդվարդ Նալբանդյանն ասել է. որ Հայաստանը դա պետք է անի միջազգային հանրության հետ համատեղ։
ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ միջազգային հանրությունը որոշակի ընդհանուր մոտեցում է առաջարկել, որի հիման վրա կարելի է լուծել հակամարտությունը, սակայն կողմերից մեկը՝ Ադրբեջանը, հրաժարվում է այդ հիմքով գնալ կարգավորման և ավելին՝ ամեն տարի ավելացնում է ռազմական բյուջեն։ 
«Վերջին 30 տարում 160 մլն-ից այդ թիվը հասել է 5 մլրդ-ի։ Վերջին 10 տարում՝ 30 անգամ:
Ես չեմ կարծում, որ աշխարհում կա մեկ այլ պետություն, որն իր ռազմական բյուջեն ավելացրել է 30 անգամ: Եվ ոչ միայն ավելացրել է: Մշտապես սադրանքների է գնում, օգտագործում է ագրեսիվ, սպառնալից հռետորաբանություն, թե ահա ուժ կկիրառի, նոր պատերազմ կսկսի։ 
Ընդհանուր առմամբ, հայտնի է, թե Ադրբեջանի համար ինչ ավարտ ունեցավ այն ավանտյուրան, որին նա գնաց մի քանի տարի առաջ: Կարծես դրանից դաս չքաղելով՝ Ադրբեջանը դարձյալ կորցրել է իրականության զգացողությունն ու նորից սկսում է սպառնալ։ 
Քանի որ Ադրբեջանը հատել էր բոլոր «կարմիր գծերը», ապա հունվարին Մինսկի խումբը հայտարարություն արեց՝ Ադրբեջանին կոչ անելով դադարեցնել սադրանքը շփման գծում, դադարեցնել ՄԽ համանախագահներին ուղղված քննադատությունը» ,-ասել է Էդվարդ Նալբանդյանը։
ՀՀ արտգործնախարարը նաև նշել է, որ վստահության ավելացմանն ուղղված համանախագահների առաջարկները ևս մերժվում են Ադրբեջանի կողմից։ 
«Նրանք պարզապես պատրանքներ ունեն, թե գազից ու նավթից ստացված փողերով, որոնց գինն այժմ նվազում է, կարող են գնել ամեն ինչ՝ թե՛ ընկերներ, թե՛ հակամարտության կարգավորում, որը կբխի իրենց շահերից: Սակայն դա այդպես չէ: 
Ողջ աշխարհն է քննադատում Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը, իսկ ադրբեջանական ղեկավարությունը փորձում է միջազգային հանրության ուշադրությունը շեղել՝ հակամարտության գոտում լարվածությունն ուժեղացնելով, սակայն դա նրան չի օգնում:
Հսկայական միջոցներ են ծախսում ինչ-որ շոու-միջոցառումների համար, սակայն դա էլ արդյունք չի տալիս, քանի որ Ադրբեջան մեկնող լրագրողները տեսնում են, թե ինչ է այնտեղ կատարվում՝ թե՛ լրագրողների, թե՛ քաղբանտարկյալների, թե՛ ոչ կառավարական կազմակերպությունների, և թե՛ հատկապես հակամարտության կարգավորման կողմ արտահայտվողների հետ. նրանք բոլորը բանտարկվում են, և նրանց բոլորին Հայաստանի լրտեսներ են կոչում։ 
Դե եթե նրանք կարծում են, թե Հայաստանն այնքան ուժեղ է, որ կարող է Ադրբեջանի կեսին լրտես դարձնել, ինչ արած….» ,-ասել է Էդվարդ Նալբանդյանը։