Բավ է պառակտվել
31-03-2016 13:37

Ադրբեջանը ԼՂ հարցն օգտագործում է սեփական երկրի խնդիրներն արդարացնելու համար

Ադրբեջանի ռեժիմը օգտագործում է այդ հակամարտությունը սեփական երկրում առկա խնդիրներն արդարացնելու համար: Այս մասին Հարվարդի համալսարանի Քենեդիի անվան կառավարման դպրոցում իր դասախոսության ժամանակ նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նրա խոսքով, 1994-ի զինադադարից անցել է 22 տարի, սակայն այսօր էլ Հայաստանի պետական սահմանին եւ Լեռնային Ղարաբաղի տարբեր բնակավայրերում ապրող բնակիչներն գտնվում են ամենօրյա կրակի սպառնալիքի ներքո: «Ակնհայտ է, որ Ադրբեջանի ռեժիմը օգտագործում է այդ հակամարտությունը սեփական երկրում առկա խնդիրներն արդարացնելու համար: Կարծում եմ`միջազգային հարաբերությունների տեսությունից ձեզ ծանոթ է այս վարքագիծը: Սա է պատճառը, որ Ադրբեջանի իշխանություններն ամեն կերպ փորձում են պահել սահմանային լարվածությունը եւ հանդգնորեն պարծենում դրանով, հրապարակավ մեղադրում են միջնորդներին անգործության մեջ եւ սեփական ժողովրդի մոտ հերոսանում դրանով, շփման գծում անվտանգության միջոցառումներն ամրապնդելու՝ Մինսկի խմբի առաջարկն անվանում են տարօրինակ եւ զարմանում դրանից»,-ընդգծել է նախագահը: Անդրադառնալով Ղարաբաղի համատեքստում «օկուպացիա» բառի շահարկմանը, Սերժ Սարգսյանն ասել է. «Օկուպացիա» բառն օգտագործողները շատ հաճախ մոռանում են, որ Ղարաբաղն ինքը 70 տարի շարունակ օկուպացիայի զոհ է եղել: Բոլոր նրանց, որոնք գիտակցաբար կամ չգիտակցելով օգտագործում են «օկուպացիա» բառը, ուզում եմ հարցնել. իսկ ի՞նչ էր 1921թ.-ին Ստալինի թեթեւ ձեռքով Ղարաբաղի բռնակցումը Ադրբեջանին, եթե ոչ` օկուպացիա: Ավելին, այդ շռայլ նվերը ստանալուց հետո Ադրբեջանը, փոխանակ բնականոն պայմաններ ստեղծեր Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար, կիրառեր փափուկ ուժին բնորոշ գործիքներ, այնպիսի անտանելի պայմաններ ստեղծեց, որ խորհրդային կենտրոնաձիգ իշխանության թուլացման առաջին իսկ նշաններն ի հայտ գալուն պես առաջինն ընդվզեց հենց Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը: Հակամարտության բուն պատճառը հենց այդ նախասկզբնական օկուպացիան է, հետեւաբար Լեռնային Ղարաբաղը այսօրվա Ադրբեջանի տարածքային ամբողջականության հասկացության հետ որեւէ կապ չունի»: Նրա խոսքով, հայերը իրենց մաշկի վրա էին զգում Ադրբեջանի` Լեռնային Ղարաբաղի իսպառ հայաթափման քաղաքականության ազդեցությունը, քանի որ արդեն կար մեկ այլ հայաբնակ շրջանի` Նախիջեւանի հայաթափման դառը փորձը: «Բավական չէ, որ այս շրջանը հայաթափվեց, 2005 թվականին էլ մի ամբողջ մշակութային ժառանգություն` Ջուղայի խաչքարերը բարբարոսաբար ոչնչացվեցին: Այսօր միջնադարյան այդ հոյակերտ հարստությունից ոչ մի հատիկ, ոչ մի փշուր չի մնացել: Մաքրվել է շրջանը հայերից եւ հայկական մշակութային հետքից: Այսօր բոլոր նրանք, ովքեր Ադրբեջանի տարածքային ամբողջականության համատեքստում են դիտարկում Լեռնային Ղարաբաղը, անուղղակիորեն հավանություն են տալիս «բաժանելու եւ տիրելու» ստալինյան դաժան, միլիոնավոր ընտանիքների զրկանքներ ու դժբախտություն պատճառած քաղաքականությանը»,-ընդգծել է ՀՀ նախագահը: «Այսօր էլ նույն տրամաբանությունը շարունակվում է: Այնպիսի զավեշտի է ամեն ինչ հասել, որ թույլ չեն տալիս Ադրբեջան մտնել հայկական ծագումով օտարերկրյա քաղաքացիների: Անկախ նրանից, թե հայերը Միացյալ Նահանգների, Ռուսաստանի, թե այլ երկրների քաղաքացիներ են, նրանց մուտքը Ադրբեջան արգելվում է: Սրանով հանդերձ՝ խոստանում են ապահովել հայերի անվտանգությունը, եթե Ղարաբաղը մտնի Ադրբեջանի կազմ: Ի՞նչի հիման վրա Ղարաբաղի ժողովուրդը պետք է հավատա այս դրույթին»,-նշել է Սերժ Սարգսյանը: