Բավ է պառակտվել
15-08-2014 14:47

Ադրբեջանում ՛՛թյուրքիզմը՛՛ որպես պետական գաղափարախոսություն է. քաղաքագետ Աբոսզոդանի անդրադարձը

Որքան ժամանակ է անցնում Սոչիում կայացած Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպումից այդքան ակնհայտ է դառնում Ադրբեջանի Հանրապետությունում վերլուծական մտքի անօգնականությունն ու անուժ լինելը, գրում է թալիշական ծագմամբ գիտնական, քաղաքագետ, հասարակական գործիչ, 1993-ին ինքնահռչակ Թալիշ-Մուղանական Ինքնավար Հանրապետության Միլի Մեջլիսի նախագահ Ֆահրադդին Աբոսզոդան:
Հոդվածը ներկայացնում ենք մասնակի կրճատումներով.
«Եթե ավելի կոնկրետ խոսենք, ապա Սոչին դարձավ յուրօրինակ մի գիծ, որն Ադրբեջանի վերլուծությունը բաժանում է «մինչև»-ի և «հետո»-ի:
Այսպիսով՝ մեր դիտարկումները ցույց էին տալիս, որ մինչև Սոչիի հանդիպումն էլ վերլուծություններն Ադրբեջանում, մեղմ ասած, թշվառ վիճակում էին, իսկ Սոչիից հետո պարզ դարձավ, որ այն գրեթե գոյություն չունի: Կա միայն քարոզչություն և վերջ:
Մենք չենք ցանկանում ասել, որ երկրում նորմալ վերլուծաբաններ չկան: Ալլահը փրկի: Իհարկե Ադրբեջանում կան որոշ բարձրագույն կրթություն ստացած ինտելեկտուալներ, որոնց ես անձամբ եմ ճանաչում և որոնք ունակ են վերլուծել բարդ քաղաքական և աշխարհաքաղաքական գործընթացներն աշխարհում և տարածաշրջանում: Բացի այդ, կան բավական տեղեկացված փորձագետներ, որոնք, անխոս, լավ են հասկանում ժամանակակից քաղաքական կյանքի բարդությունները: Ի վերջո, կան շատ լրագրողներ, որոնց հրապարակումներն այս կամ այն ներքաղաքական կամ միջազգային օրակարգի վերաբերյալ հիացմունք են առաջացնում: Սակայն եթե այդ ամենը կա, ապա ինչո՞ւ է առաջանում մեր հոռետեսական գնահատականն Ադրբեջանի վերլուծական մտքի վերաբերյալ: Բացատրեմ:
Ցավն այն է, որ Ադրբեջանում, որտեղ իշխում է ավտորիտար քաղաքական ռեժիմ՝ տոտալիտարիզմի տարրերով (գրեթե միանձնյա իշխող կուսակցություն), «թյուրքիզմը», որպես պետական գաղափարախոսություն և «առաջնորդամոլությունը»- «հեյդարիզմը»՝ որպես պետականության խորհրդանիշ, ստեղծում է եվրոպական միջնադարյան միապետության տպավորություն՝ («Պետությունը ես եմ»-Ֆրանսիայում) արևելյան բռնապետության տարրերով («Հեյդարն Ադրբեջանն է, Ադրբեջանը Հեյդարն է), որտեղ ամբողջությամբ վերահսկվում է հասարակական-քաղաքական, տնտեսական և անգամ որոշ առումներով մարդկանց անձնական կյանքը, քաղաքացիների իրավունքները, խոսքի և այլ ազատություններ սահմանափակված են:
Նման կառավարման համակարգը ոչ միայն թույլ չի տալիս քննադատել իշխողին, այլ նաև որևէ ազատամտություն՝ քաղաքական վերլուծության ոլորտում:
Ավելի հասկանալի լինելու համար բացատրենք. օրինակ՝ ինչ որ լրագրող կարող է ռեպորտաժ պատրաստել կառավարության այս կամ այն հաստատության կամ նախարարության մասին, անգամ քննադատել դրանց գործունեությունը, սակայն երբ խոսքը քաղաքական վերլուծության մասին է, որի թրախում կառավարության գործունեությունն է միջազգային հարթակներում, դա չի թույլատրվում: Ադրբեջանի վերջին 20 տարիները ցույց են տալիս, որ ցանկացած, անգամ աննշան քննադատություն արտաքին քաղաքական հարցերում ողբերգական հետևանքներ է ունենում հրապարակման հեղինակի համար:
Եվ բանտարկությունն ամենամեծ աղետը չէ: Վերլուծաբանները, որոնք զբաղվում են կառավարության քննադատությամբ, անկախ հասարակության մեջ ունեցած դիրքից, տարիքից, սեռից կամ այլ նշաններից, Ադրբեջանում երկար չեն ապրում: Օրինակները շատ են:
Ահա թե ինչու Բաքվի վերլուծաբանների շատ մեկնաբանություններ պարզապես ներողամիտ ժպիտ են առաջացնում: Նման պայմաններում քաղաքական վերլուծաբանը երկրում ստիպված է լինում հանդես գալ գովաբանողի դերում՝ խոսելով «նախագահի իմաստուն քաղաքականության մասին՝ ազգային շահերի պաշտպանության համար»:
Ստացվում է այնպես, որ վերլուծաբանները, հասարակության մեջ ունենալով բարձր դիրք, գիտակցված կամ անգիտակցաբար դառնում են սեփական ժողովրդի դեմ հանցանքի մասնակիցներ:
Դա ակնհայտ դարձավ Լեռնային Ղարաբաղի ճակատում վերջին բռնկման պայմաններում, երբ մոտ 2 տասնյակ անմեղ զինծառայող զոհվեց և տասնյակներ վիրավորվեցին:Ժամանակակից աշխարհում միայն միամիտները կարող են ենթադրել, որ Ղարաբաղյան ճակատում, որը գտնվում է աշխարհի շատ հետախուզական ծառայությունների հսկողության տակ, այս կամ այն գործողության իրականացումը կարող է գաղտնի մնալ ամենատես աչքերից: Բացի այդ, Ադրբեջանում, որտեղ լրջորեն հնարավոր չէ խոսել զինվորական կարգուկանոնի մասին, նման տեղեկությունը շատ արագ հասանելի է դառնում ոչ միայն սեփական քաղաքացիների, այլև հակառակորդ կողմի համար, ինչը նրանց թույլ է տալիս իմանալ ադրբեջանական զորքերում տեղի ունեցող ամենափոքր փոփոխությունն անգամ: