23-05-2015 10:10

Ադրբեջանը իր առարկությունը կներկայացնի Ռիգայում ընդունած հռչակագրի վերաբերյալ

Ռիգայում կայացած «Արևելյան գործընկերություն» ծրագրի գագաթնաժողովում Ադրբեջանը ևս մեկ անգամ  հայտնվեց մեկուսացման մեջ: Այդ մասին հարցազրույցում հայտնեց ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը: «Գիտեք, ևս մեկ անգամ Ադրբեջանը հայտնվեց մեկուսացման մեջ: Որովհետև այս անգամ 28 երկիր եկել էին մի համաձայնության, որպեսզի ձևակերպումներ լինեն ընդհանուր Հռչակագրի մեջ, որտեղ խոսքը գնում էր աջակցության մասին Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և նաև Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների ջանքերին և արված հայտարարություններին 2009 թվից սկսած: Այսինքն՝ խոսքը գնում է լ՛Աքվիլայի, Մուսկոկայի, Դովիլի, Լոս Կաբոսի և Էնիսկիլենիհայտարարությունների մասին, որոնց վերաբերյալ մենք բազմիցս ասել ենք, որ մեր մոտեցումները համահունչ են այդ հայտարարություններում արված առաջարկներին և դրույթներին, Ադրբեջանն է, որ մինչև հիմա չի արտահայտվել այդ հարցով», – ասաց նա:  Նալբանդյանը հավելեց, որ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը ի նշան իր բողոքի լքեց դահլիճը: «Փորձում էին իրեն հետ բերել, բայց այդպես էլ չստացվեց, և վերջում համապատասխան բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ հռչակագիրը կընդունվի, իսկ Ադրբեջանը իր առարկությունը կներկայացնի համապատասխան կետի վերաբերյալ», – հավելեց նախարարը: