26-05-2014 14:40

Այս իշխանությունների համար գործելաոճ է՝ պատասխանատվություն չկրելն ու թողնել հեռանալը. Վ. Խաչատրյան

Այսօր, լրագրողների հետ հանդիպմանը տնտեսագետ Վահագն Խաչատրյանը նշեց, որ չի կարողանում կառավարության ներկայացրած ծրագրին գնահատական տալ, քանի որ, ըստ նրա՝ այնտեղ չափորոշիչներ չկան, ընդամենը երեք թիվ կա՝ տնտեսական աճ, աղքատության ցուցանիշի նվազում և աշխատավարձի ավելացում:

՛՛Մենք համարում ենք, որ այս իշխանությունը նախկինի շարունակությունն է, և ոչ թե պետք է կառավարություն փոխվեր՝ այլ համակարգային փոփոխություններ պետք է տեղի ունենային՛՛,-ասաց Վահագն Խաչատրյանը:
Տնտեսագետի խոսքով՝ այս ծրագիրը հնարավորություն չի տալիս թվային առումով պատկերացնել, թե մեզ ինչ է սպասվում:

Նա նշեց, որ ոչ ոք չի կարող ասել, թե 5 տոկոսանոց տնտեսական աճն ինչ է տալու Հայաստանին և Հայաստանի բնակչությանը:

՛՛Այս իշխանությունը զբաղված է մենաշնորհով և հակառակորդներին ոչնչացնելով: Այս իշխանության համար գործելաոճ է դարձել՝ պատասխանատվություն չկրել և թողնել հեռանալ: Այս իշխանությունը չի ցանկանալու իր ոճը փոխել՛՛,-նշեց նա:

Անդրադառնալով պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին՝ տնտեսագետը նշեց, թե այս իշխանությունները չեն կարող այդ պարտադիր կուտակային համակարգից հրաժարվել, դրա համար նույնիսկ բառախաղերով և նմանատիպ տերմիններով են փորձելու այն պահել:

Ըստ բանախոսի գործող վարչապետը և կառավարության մյուս անդամներն այսուհետ իրենց անհաջողություններն արդարացնելու են՝ նախորդի վերաբերյալ գնահատականներ հնչեցնելու միջոցով:

՛՛Նմանատիպ գնահատականներ լսելու առիթներ դեռ շատ կունենաք՛՛,-ասաց տնտեսագետը՝ ծիծաղելի համարելով այն, որ ոմանք տնտեսական անհաջողությունները կապում են գործող Սահմանադրության հետ: