24-09-2014 22:04

Աշխարհում համարվող հանցագործությունները՝ Ադրբեջանում հերոսություն է. Ս. Սարգսյան. տեսանյութ

Շոտլանդիայում տեղի ունեցած հանրաքվեն կրկին ապացուցեց, որ հենց հանրաքվեի ինստիտուտն է ներկայում հետեւողականորեն դառնում էթնիկ խնդիրների կարգավորման կարեւորագույն իրավական գործիքներից մեկն աշխարհում։ Այս մասին Նյու Յորքում ընթացող Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանում իր ելույթում այսօր՝ սեպտեմբերի 24-ին, հայտարարեց նախագահ Սերժ Սարգսյանը։ Նախագահը հիշեցրեց, որ արդեն 20 տարուց ավելի ղարաբաղյան հակամարտության արդար եւ խաղաղ կարգավորման ուղղությամբ միջազգային հանրության ջանքերը վիժեցվում են մեր հարեւանի ապակառուցողական եւ առավելապաշտական կեցվածքի պատճառով։
«Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով հնչող ռազմատենչ հայտարարություններին ու տարաբանույթ սպառնալիքներին միջազգային պատշաճ գնահատականի բացակայությունը հանգեցրել է այսօրվա ամենաթողությանը։ Ադրբեջանի նախագահը ողջ հայ ժողովրդին որակում է որպես թիվ մեկ թշնամի, իսկ այն, ինչ քաղաքակիրթ աշխարհում համարվում է հանցագործություն, Ադրբեջանմում դիտարկվում է որպես հերոսություն։ Չնայած որ յուրաքանչյուր հակամարտություն առանձնահատուկ է, միջազգային հարաբերություններում հետեւողականորեն առաջ են մղվում մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, այդ թվում՝ ժողովուրդների ազատ կամարատահայտությունն ու ինքնորոշումը։ Օրեր առաջ Շոտլանդիայում տեղի ունեցած հանրաքվեն կրկին ապացուցեց, որ հենց հանրաքվեի ինստիտուտն է ներկայում հետեւողականորեն դառնում էթնիկ խնդիրների կարգավորման կարեւորագույն իրավական գործիքներից մեկն աշխարհում։ Եվ պատահական չէ, որ ԼՂՀ հակամարտության խաղաղ կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկած կարգավորման հենասյունը եւս հանրաքվեի միջոցով սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքն է»,- ասաց Սերժ Սարգսյանը։
Նախագահն անդրադարձավ ՄԱԿ-ի ԱԽ կողմից Լեռնային Ղարաբաղի պատերազմի տարիներին ընդունված չորս բանաձեւերին, որոնք պարբերաբար շահարկվում են Ադրբեջանի իշխանությունների կողմից որպես իրենց ապակառուցողական քաղաքականության հիմնավորում։
«Խոսքն այն բոլոր չորս բանաձեւերի մասին է, որտեղ որպես առաջնային եւ անվերապահ պահանջ նշվում էր ռազմական եւ թշնամական գործողությունների դադարեցումը, ինչը չիրականացվեց Ադրբեջանի կողմից։ Հենց Ադրբեջանի կողմից սույն բանաձեւերի հիմնարար պահանջները չկատարելու հետեւանքով էր, որ անհնարին դարձավ դրանց ամբողջական իրականացումը։ Բանաձեւերում կոչ էր արվում դադարեցնել խաղաղ բնակչության ռմբակոծությունը, օդային հարվածները, զերծ մնալ միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքների ոտնահարումից, ինչին ի պատասխան Ադրբեջանը շարունակում է ռմբակոծել խաղաղ բնակչրությանը՝ տարբերություն չդնելով երեխաների, կանանց, մեծահասակների միջեւ, կոպտորեն խախտելով միջազգային հումանիտար իրավունքի բոլոր իրավական եւ բարոյական նորմերը»,- ասաց Սերժ Սարգսյանը։
Նախագահի խոսքով՝ այսօր Ադրբեջանն առանց ամաչելու հղում է կատարում այդ բանաձեւերին՝ ընտրողաբաներ համատեքստից կտրված մեկնաբանում դրանք որպես խնդրի կարգավորման նախապայման։
«ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւերի համարժեք մեկնաբանումն անհնար է առանց դրանցում ամրագրված պահանջների աստիճանակարգի ճիշտ ընկալման։ Բանաձեւերում ամրագրված պահանջներից են նաեւ տարածաշրջանում տնտեսական, հաղորդակցության ուղիների եւ էներգետիկ կապերի վերականգնումը, հաղորդակցության ուղիների վերականգնման խոչընդոտների վերացումը։ Գաղտնիք չէ, որ հակամարտության հենց սկզբից Ադրբեջանն ու Թուրքիան ԼՂՀ-ի եւ Հայաստանի նկատմամբ կիրառում են շրջափակում։ Ադրբեջանի նախագահն իր ելույթներում նույնիսկ հպարտանում է դրանով՝ սեփական հանրությանը խոստանալով, որ այդ ուղղությունը մնալու է Ադրբեջանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունը։ ԱԽ նշված բանաձեւերում Ադրբեջանի իշխանություններին կոչ է արվում ուղիղ շփումներ հաստատել ԼՂ-ի հետ։ Ադրբեջանը ոչ միայն ուղիղ շփումներ չի հաստատում ԼՂ-ի հետ, որն ի դեպ 1994թ. հրադադարի եւ մի շարք այլ միջազգային համաձայնագրերի իրավահավասար կողմ է, այլեւ թշնամանք է քարոզում մի ժողովրդի հանդեպ, որն իբր թե ցանկանում է տեսնել իր պետության կազմում»,- ասաց Սերժ Սարգսյանը։
Նախագահը հիշեցրեց, որ ոչ մի բանաձեւում Հայաստանի չի նշվել որպես հակամարտող կողմ. «Մեր երկրին ուղղված կոչերում միայն խոսվում է շարունակել ազդեցություն գործադրել ԼՂՀ հայության վրա, հակամարտությունը դադարեցնելու համար, ինչը Հայաստանը լիարժեք իրականացրել է եւ նաեւ դրա շնորհիվ 94 թ. կնքվել է զինադադար։
Բոլոր բանաձեւերում ԼՂՀ-ն հստակ ճանաչվել է հակամարտող կողմ։ Վերոնշյալից ակնհայտ է, որ հենց Ադրբեջանի իշխանություններն են, որ չեն իրականացրել ՄԱԿ-ի ԱԽ հիմնարար պահանջները, այդ թվում մարդասիրական նորմերի իրագործումն ու պահպանումը։ Ի դեպ, այս պահանջը եւս պարբերաբար եւ կոպտորեն խախտվում է Ադրբեջանի կողմից, երբ գերավարված հայերի, խազաղ բնակիչների նկատմամբ դաժան եւ անմարդկային վերաբերմունք է ցուցաբերվում, որը շատ հաճախ նրանց մահվան պատճառ է դառնում։ Թեւ կարծում եմ՝ զարմանալն ավելորդ է։ Չէ որ խոսքը մի պետության մասին է, որտեղ սեփական ժողովուրդն ինքն է ենթարկվում ճնշումների եւ անմարդկային վերաբերմունքի։ Դրա վառ վկայությոնն է օրեր առաջ ՄԱԿ-ի կտտանքների դեմ ենթակոմիտեի առաքելության աշխատանքի ընդհատումը պաշտոնական Բաքվի կողմից դրսեւորված վարքագծի հետեւանքով։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը միակ մասնագիտացված կառույցն է, որ երկու տասնամյակ զբաղվում է ղարաբաղյան հիմնախնդրով միջազգային հանրության կողմից ստացված մանդատով։ Ադրբեջանը քաջ գիտակցելով, որ անհնար է խաբել կամ թյուր տեղեկատվություն հրամցնել խնդրի էության մեջ խորացած Մինսկի խմբին, ջանում է խնդրի կարգավորումը տեղափոխել այլ հարթակներ, փորձելով դրան հաղորդել տարածքային վեճի բնույթ, կամ շահարկելով կրոնական համերաշխության գործոնը։ Դրանք կատարյալ անհեթեթություններ են, իսկ Հայաստանն ավանդաբար ջերմ հարաբերություններ է ունեցել իսլամ դավանող ժողովւրդների հետ, ի դեմս արաբական աշխարհի եւ մեր անմիջական հարեւան Իրանի»,- ասաց Սերժ Սարգսյանը։