Բավ է պառակտվել
18-10-2016 11:29

ՌԴ օդուժն ու սիրիական ՌՕՈւ-ն դադարեցրել են ավիահարվածները Հալեպի շրջանում

Հոկտեմբերի 18-ի առավոտյան ժամը 10-ից դադարեցվել են ռուսական ավիացիայի և սիրիական օդուժի հարվածները Հալեպի շրջանում: Այդ մասին լրագրողներին է հայտարարել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

«Հարվածների վաղաժամ դադարեցումն անհրաժեշտ է հոկտեմբրի 20-ի «հումանիտար դադարի» համար: Դա թույլ կտա երաշխավորել խաղաղ բնակիչների դուրս բերումը քաղաքից 6 անվտանգ միջանցքով և տարհանման նախապատրաստել հիվանդներին ու վիրավորներին Հալեպի արևելյան մասում»,-ասել է նա:

«Հումանիտար դադարը» կսկսի գործել սիրիական Հալեպում հոկտեմբերի 20-ի առավոտյան, հնարավորություն տալու համար դուրս գալ քաղաքից ինչպես գրոհայիններին, այնպես էլ խաղաղ բնակիչներին: Այդ մասին հայտարարել է ՌԴ Գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ռուդսկոյը:

Ըստ Շոյգուի, «հումանիտար դադարից» առաջ սիրիական զորքերը կնահանջեն Հալեպից, որպեսզի գրոհայինները կարողանան հեռանալ քաղաքից երկու հատուկ միջանցքով:

Շոյգուն հայտարարել է նաև, որ բոլոր կողմերը պետք է շահագրգռված լինեն իրավիճակի կայունացմամբ և պետք է անցնեն իրական քայլերին: Շոյգուն կոչ է արել երկրի ղեկավարությանը, որոնք ազդեցություն ունեն զինված կազմավորումների առաջնորդների վրա, համոզել գրոհայիններին դադարեցնել դիմադրությունն ու հեռանալ Հալեպից:

Հոկտեմբերի 17-ին ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբում հայտարարել էին, որ հոկտեմբերի 20-ին Հալեպի շրջանում «հումանիտար դադար» կհայտարարվի, որի ժամանակ ռուսական ավիացիան և սիրիական զորքերը հարվածներ չեն հասցնի: Հրադադարը կգործի 8:00-ից մինչև 16:00-ն: