Բավ է պառակտվել
15-01-2014 11:36

Արմեն Աշոտյանը՝ Քոչարյանի մասին

Այսօր, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն անրադարձավ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին: Ըստ նրա, այդ վերլուծություններին բնավ չարժե սուր ձևով արձագանքել, քանի որ դրանցում ենթատեքստ չկա:

Ինչ վերաբերում է Քոչարյանի՝ քաղաքական դաշտ վերադարձին , Աշոտյանը հավելեց, որ Քոչարյանը իր վերադարձի համար երեք նախապայման է նշել. Օրհասական վիճակ, ժողովրդի պահանջ և իր կամքը:

 « Առաջին երկուսը ակնհայտ է որ չկան, երրորդը՝ չգիտեմ: Սա քաղաքական դիսկուրս է, տնտեսությունը ընդամենը առիթ է: Կյանքը ցույց է տալիս, որ քաղաքական գործիչները տնտեսությունից խոսում են այն ժամանակ երբ քաղաքական խնդիրներ են ուզում լուծել»,-հավելեց Արմեն Աշոտյանը:

Ըստ Աշոտյանի Քոչարյանն իր նախկին թիմով չի կարող մտնել քաղաքկան դաշտ : Ինչ վերաբերում է նրան, որ Քոչարյանն Անդրանիկ Մարգարյանի անունը շոշափեց, դա ուրախալի է, բայց անկեղծությունը կասկածելի է:

ՀՀԿ փոխնախագահը նշեց, որ հետաքրքիր է իմանալ, թե Քոչարյանը վերջին անգամ երբ է այցելել պանթեոն: Բացի այդ, կարիք չկա սեփական ցավը դարձնել ուրիշի հիվանդությունը: