07-02-2014 14:06

ՙԱյսօր հեղափոխական մթնոլորտ կա, ժողովուրդը սարսափելի ատելությամբ է լցված…՚. Ա. Մանուչարյան

 Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը կարծիք հայտնեց, ըստ որի Հայաստանը ներկայումս գտնվում է խիստ դինամիկ վիճակում, թեև թվում է՝ ոչինչ չի փոխվում: ՙՄինչև մայիս՝ մինչև Հայաստանի Մաքսային միությանը անդամակցությունը, երկրում հեղափոխական մթնոլորտը խորանալու է՚, -նշեց նա: Բանախոսի խոսքով՝ երկիրը շատ բարդ վիճակում է գտնվում և փոքրիկ սխալը կարող է շեղել մեզ արահետից ու բերել աղետալի վիճակի: ՙՀսկայական է Արևմուտքի գործոնը Հայաստանի վրա, որի վրա ազդում են նաև Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունները»,– ընդգծեց Ա. Մանուչարյանը:
Վերջինիս համոզմաբ՝ Ուկրաինան և Հայաստանը տրամաբանության մեջ նույն վիճակում են, թեև տարբերություններ թեթև կան: ՙԵրկու երկրներում էլ «իշխանությունը զբաղված է կողոպուտով» ինչի հետևանքով այդ իշխանությունների նկատմամբ ժողովուրդը ատելությամբ է լցված՚,-ասաց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ:
Բանախոսի համոզմաբ Ուկրաինայում ընդվզումների արմատները արևմուտքում պետք է փնտրել: ՙԱրևմուտքը կրակը վառեց, բայց պարզվեց, որ մի կոպիտ սխալ է արել»,- ասաց նա՝ շարունակելով. ՙՍխալն այն էր, որ Արևմուտքը Ուկրաինայում դրեց աշխարհաքաղաքական հարց, այսինքն՝ ոչ միայն ազատվել ռեժիմից, այլև ընտրել եվրոպական ուղղվածություն՚: Աշոտ Մանուչարյանը նաև հավելեց, որ այդ սխալիս օգտվեց Ռուսաստանը. ՙԲայց Ռուսաստանն էլ մի հարցում է միշտ սխալվում՝ ժողովրդի: Նա ժողովրդի գործոնը չի հաշվարկում, այդ կոպիտ սխալը միշտ անում է, միայն համակարգի հետ է պայմանավորվում, ժողովրդի հետ հաշվի չի նստում»:
ՙԱրևմուտքը Հայաստանում նույն սխալը չի կրկնի ինչ Ուկրաինայում՚, ասաց բանախոսն ու ավելացրեց, որ մենք ներկայումս գտնվում ենք սպասման մեջ, ակնհայտ է, որ կուտակվում է ընդվզման պոտենցիալը: Միակ ելքը համընդհանուր ընդվզում կազմակերպելն է, որը պետք է տեղի ունենա մեկ օր, այլապես կունենանք «Մարտի 1՚: Ամփոփելով ասուլիսը, «Ղարաբաղ» կոմիտեի անդամը, հայտարարեց, որ այսօր հեղափոխական մթնոլորտ կա, ժողովուրդը սարսափելի ատելությամբ է լցված ու ցանկանում է վերջ տալ իրավիճակին: Բայց դե վիճակից պրծնելու հարցը ավելի դժվար է: