Բավ է պառակտվել
13-06-2014 13:28

Ուկրաինան մեծ արագությամբ շարժվում է դեպի քաոս. Ա.Մանուչարյան

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը կարծիք հայտնեց, որ համաշխարհային զարգացումներն իրենց տրամաբանության մեջ շարունակվում են, Ուկրաինան մեծ արագությամբ շարժվում է դեպի քաոս, և առաջիկայում ի հայտ են գալու նորանոր քաոսներ:
«Մոլորակային խաղաղությունը դադարեցվում է, և հիմա մենք պետք է հասկանանք, որ ճիշտը տեղում կազմակերպվելն է: Հիմա պետք է հասկանանք, թե ինչ անենք, որ քիչ կորուստներ ունենանք»,-նշեց պարոն Մանուչարյանն ու հավելեց. «Մեր երկիրն այսօր համամոլորակային գաղութի 285-րդ խուցն է և ապրում է խուցի պայմաններում, սակայն ինքնակազմակերպվելու համար պետք է լինել Հայք»: Այս իրավիճակում, ըստ բանախոսի, Ռուսաստանը հանդես է գալիս որպես այդ աշխարհակարգի վերանայման կողմ, ԱՄՆ-ն՝ պահպանման համակարգի կողմ, և Ղարաբաղի կոնֆլիկտի պատրվակով ռուսական միավորումները պետք է մտնեն կովկասյան կոմունիկացիոն միջանցքով, ինչը նշանակում է, որ Կասպից ծովի էներգետիկ հատվածն անջատվում է Արևմուտքից:
Սկսված երկրորդ գործողությունը նա անվանեց հիմարացնել Ռուսաստանին: «Նախորդ հիմարացնենք Ռուսաստանին խաղը սկսվեց Թուրքիայում: Ռուսաստանն ուշքի եկավ, երբ պարզեց, որ Սիրիայում Թուրքիային պահելն էլի պրոամերիկյան է: Բայց ես հույս ունեմ, որ Ռուսաստանն այդ հիմարը չէ, իրեն էս վերջերս պահում է որպես Ամերիկա, իսկ տակից անում է շատ կոշտ քայլեր, հիմա ԱՄՆ-ն հասկանալով սա՝ պետք է պատրաստի հակառակ քայլ: Այստեղ շատ կարևոր հանգրվան է դառնում Նախիջևանը»,- եզրափակեց Աշոտ Մանուչարյանը: