01-09-2014 11:43

Սիրիայի նոր կառավարությունում հայ կա

Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը Դամասկոսում ընդունել է երկրի նոր կառավարության երդումը:
Կառավարությունը գլխավորում է վարչապետ Վաիլ ալ Հալքին։ Գործադիր մարմնի կազմում կա 11 նոր նախարար, այդ թվում՝ հայ. Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթն օրերս հայտնել էր, որ Սիրիայի բնապահպանության նախարար է նշանակվել Նազիրա Սարգիսը: Մյուս նախարարական պաշտոնները զբաղեցնում են նախկին նախարարները։

Ասադը կոչ է արել նոր կառավարությանն «ապահովել նոր տեսլական», «խուսափել նախորդ շրջանների բացասական պահերից», ինչպես նաև «արժանանալ քաղաքացիների վստահությանն անկեղծությամբ և հուսալիությամբ»։ Կառավարության խնդիրներից է, ըստ նրա, շրջանների վերականգնումը, որոնք տուժել են ահաբեկչական խմբավորումների հարձակումներից։

Առաջնային տնտեսական խնդիրներից Ասադը նշել է «գյուղատնտեսության վերականգնումն այն շրջաններում, որոնք ազատագրվել են ահաբեկիչներից»։ Այլ առաջնահերթություններից են, նրա կարծիքով, «կաշառակերության դեմ պայքարը, գնաճի զսպումը և սոցիալական արդարության ապահովումը»։

«Մեր գլխավոր խնդիրներից է շարունակում մնալ ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարը»,- նշել է Ասադը։