Բավ է պառակտվել
01-07-2018 14:55

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն մեկ տարվա ընթացքում

Այն հարցին, թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ի՞նչ ձևաչափով կմասնակցի այդ ընտրություններին, վարչապետն ասաց․ - «Մոտավորապես ժամկետը արդեն նշել ենք՝ 1 տարվա ընթացքում այն օրվանից, երբ ասվել է: Կոնկրետ ժամկետը, իհարկե, կախված է նաև քաղաքական իրավիճակից և որոշակի տեխնիկական հարցերից: Ինչ վերաբերում է առաջիկա ընտրություններին՝ մեր կուսակցության մասնակցության ձևաչափին, հիմա քննարկումներ են գնում, որոշում դեռևս չկա: Առայժմ քննարկումները «Ելք» դաշինքի շրջանակներում են»:

Լրագրողներից մեկի հարցին, թե վերջերս նոր ուժեր են ձևավորվել, որոնք հայտարարել են ընտրություններին մասնակցելու մասին, և որոնց մեջ են նաև Ժիրայր Սեֆիլյանն ու «Սասնա ծռերը», արդյոք կհամագործակցի այդ ուժերի հետ, Փաշինյանն պատասխանեց․ - «Սասնա ծռեր» քաղաքական կազմակերպության մասին ինձ հայտնի չէ, եթե նկատի ունեք «Սասնա ծռեր» խմբի գործունեությունը, ինչպես տեղյակ եք՝ նրանց գործով դատավարություն է ընթանում և անհասկանալի է ինձ հարցնել, թե արդյոք ես նրանց հետ կգնամ համագործակցության»:

Կալանքից ազատ արձակված «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը արդեն հայտարարել է, թե ոստիկանության ՊՊԾ գունդը գրավելու մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» զինված խմբի հետ պատրաստվում են գալիք ընտրություններին։ Նման հայտարարություն է արել նաև նորաստեղծ «Հայաստանի կառուցողական կուսակցության» հիմնադիր, վերջերս կալանքից ազատ արձակված Անդրիաս Ղուկասյանը:

Հունիսի 28-ին վարչապետին առընթեր Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովը ամրագրեց խորհրդարանական նախորդ ընտրությունների ժամանակ կիրառված «ռեյտինգային» համակարգից հրաժարվելու և փակ ցուցակներով ամբողջությամբ համամասնական ընտրակարգի անցնելու առաջարկը։ Այս հանձնաժողովից բացի, գոյություն ունի նաև խորհրդարանական աշխատանքային խումբ, որում ընդգրկված են ներկայացուցիչներ բոլոր չորս խմբակցություններից: Հետագայում երկու հանձնաժողովները կքննարկեն ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ իրենց առաջարկությունները։

Հարցին, թե արդյոք իր իշխանավարման օրոք մեկնարկած հնչեղ քրեական բացահայտումները կհասնեն նախկին նախագահներին, վարչապետը պատասխանեց․ - «Մենք ասել ենք, որ բոլորը հավասար են օրենքի առաջ, և այստեղ իմ ելույթում էլ ասացի՝ կապ չունի, թե հետաքննությունը ում կհանգեցնի, դրանից վերաբերմունքը պետք է չփոխվի»:

Անդրադառնալով իշխանափոխությունից հետո դատարանների աշխատանքին, մասնավորապես կալանքից ազատ արձակումներին և հատկապես «Սասնա ծռեր» զինված խմբի անդամների խափանման միջոցի փոփոխությանը, վարչապետն պատասխանեց․ - «Ես ուզում եմ հավատալ, որ և՛ դատարանները, և՛ դատավարությանը ներգրավված մյուս սուբյեկտները ամեն ինչ ճիշտ են անում և անում են իրենց իրավասությունների շրջանակներում և օրինականությունը, մարդու իրավունքները և հանրության շահերը պաշտպանելու նկատառումով: Համենայնդեպս, երբ կառավարությունը տեսնի սպառնալիք այս առումով, իհարկե, օրենքով սահմանված կարգով և ձևերով, նաև իր քաղաքական ազդեցությամբ կմիջամտի: Այս պահին, ես կարծում եմ, նման միջամտության անհրաժեշտություն չկա»: