Բավ է պառակտվել
16-04-2015 10:30

Վրաստանի խորհրդարանում հայ պատգամավորը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Ախալքալաքցի պատգամավոր Սամվել Պետրոսյանը ելույթ է ունեցել Վրաստանի խորհրդարանում՝ կոչ անելով ճանաչել և դատապարտել Հայոց ցեղասպանությունը։ 
Պատգամավորը հայտարարել է, որ այդ դեպքերի ճանաչումն անհրաժեշտ է, որպեսզի ապագայում կանխվեն նման հանցագործությունները։ 
«Հարցը պատմական կարևորություն ունի։ Մենք անկախ նրանից՝ ծագումով հայ ենք, թե այլ ազգի ներկայացուցիչ, Վրաստանի քաղաքացիներ ենք։ Մենք մի երկրի զավակներ ենք և պետք է ապրենք խաղաղ և միասնական։ Այդ պատճառով էլ կարևոր է, որ պատմական իրադարձությունները ճիշտ գնահատվեն։ Ես հույս ունեմ, որ Հայաստանը և Թուրքիան ընդհանուր լեզու կգտնեն տարածաշրջանում խաղաղության և կայունության համար։ Հենց դրա համար էլ կարևոր է պատմության ադեկվատ գնահատականը։ Այն, ինչ տեղի է ունեցել Օսմանյան կայսրությունում 100 տարի առաջ, մինչ օրս մեծ վերք է հայ ժողովրդի համար»,- նշել է պատգամավորը։ 
Նա կարծիք է հայտնել, որ կկարողանան ձևակերպել ընդհանուր դիրքորոշում պատմության այդ ծանրագույն շրջանի վերաբերյալ։ Ցեղասպանության դատապարտումը կնպաստի ապագայում ժողովուրդներին նման հանցագործություններից զերծ պահելուն։ 
Պետրոսյանը կոչ է արել բոլոր ժողովրդավարական երկրներին, որտեղ դեռևս չի ճանաչվել այդ փաստը, ընդունել իրողությունը՝ ապագայում նման հանցագործությունները կանխելու համար։