Բավ է պառակտվել
14-06-2017 14:33

Հայ խորհրդարանականները՝ արյան դոնոր

Արյան դոնորի միջազգային օրվա կապակցությամբ Հայաստանի խորհրդարանականները մասնակցել են արյունատվության ակցիային։
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորությամբ, մոտ տասը պատգանավոր կատարել են բարի առաքելություն և դարձել արյան դոնոր:
Ակցիային մասնակցություն են ունեցել «Ծառուկյան» դաշինքի անդամ Նաիրա Զոհրաբյանը, իշխող Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը, ՀՀԿ-ական պատգամավոր Հրայր Թովմասյանը, «Ելք» դաշինքի ղեկավար Նիկոլ Փաշինյանը, «Դաշնակցություն» խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
Ազգային ժողովում տեղի ունեցած ակցիային մասնակցություն են ունեցել նաև լրագրողներ:
Արյունատվության ակցիան Ազգային ժողովում տեղի է ունենում առաջին անգամ, ինչը, պրոֆեսոր Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանի խոսքով կնպաստի արյունատվության կարևորության մասին հասարակության իրազեկմանը:
« Ամեն տարի արյունաբանական կենտրոնի մասնագետները արյունատվության ակցիա են իրականացնում: Այս տարի մենք ընտրել ենք Ազգային ժողովը: Արյունը, որն այսօր հանձնել են պատգամավորները, կտրամադրվի այն հիվանդներին, որոնք դրա կարիքն ունեն»,- լրագրողների հետ զրույցում ասել է Դաղբաշյանը:
Նրա խոսքերով, Հայաստանում դոնորների թվաքանակը մեծ չէ, տարեկան, արյուն հանձնելու նպատակով արյունաբանական կենտրոն են դիմում մոտ 15 հազար կամավորներ:
«Սակայն, դա բավարար չէ, մենք պետք է մեծացնենք արյան դոնորների քանակը: Հայաստանի բնակչության մոտ 2%-ը պետք է արյան դոնորներ դառնան, որպեսզի արյան մեր պաշարները բավականաչափ լինեն»,- ընդգծել է Դաղբաշյանը:
Նա նաև նշել է, որ արյան դոնոր կարող է դառնալ ցանկացած առողջ մարդ՝ սկսած 18 տարեկանից: Տարվա ընթացքում կարելի է 3-4 անգամ 450 մլ արյուն հանձնել:
Արյան դոնորի համաշխարհային օրը նշվում է հունիսի 14-ին: Ամսաթվի ընտրությունը կապված է Կառլ Լանդշտեյների՝ ավստրիական բժիշկ, իմունոլոգի ծննդյան օրվա հետ: Լնդշտեյները բացահայտել է մարդու արյան խմբերը և հանդիսանում է Նոբելյան մրցանակակիր: