Բավ է պառակտվել
15-04-2016 15:30

ԵՏՄ գործընկերներին հայկական կողմն ասել է այն, ինչ անհրաժեշտ էր և դեռ ասվելու է

Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք տեղյա՞կ են, որ հանրության շրջանում ՀՀ արտաքին գործերի նախարարի հրաժարականի պահանջ կա, ասաց, թե իրենք հետևում են մամուլին: 
Անդրադառնալով ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ ԵՏՄ վարչապետների նիստին մասնակցելու հարցին՝ այն դեպքում, երբ Ղազախստանի առաջարկությամբ, ըստ էության ի պաշտպանության Ադրբեջանի, ԵՏՄ վարչապետերի խորհրդի նիստը տեղի ունեցավ Մոսկվայում, Շավարշ Քոչարյանն ասաց, որ գոյություն ունի երկու մոտեցում. «Մեկը պաշարված ամրոցի մոտեցումն է: Այսինքն՝ ի պատասխան ամեն քայլի, որ մենք մեր շահերին դեմ ենք գնահատում, ըստ էության, այսպես ասած, ընդունում ենք պաշարված ամրոցի կեցվածք՝ բոլորը մեզ թշնամի են, մենք մենակ ենք: Սա մոտեցումներից մեկն է»:  Մյուս մոտեցումն, ըստ Շավարշ Քոչարյանի, հետևյալն է. «Հաշվի առնելով այն, որ բոլոր պետությունները առաջնորդվում են առաջին հերթին իրենց շահերով, այնուամենայնիվ, պետք է թույլ չտալ, որ մենք հայտնվենք այդ իրավիճակում, քանի որ հենց այդ նպատակը հետապնդում է մեր թշնամին՝ Ադրբեջանը»: 
Արտաքին գործերի փոխնախարարի հավաստմամբ՝ Ադրբեջանը փորձում է Հայաստանի դաշնակիցներին, տարբեր կազմակերպություններին ուղղորդել այնպիսի քայլերի, որ Հայաստանն այսպես ասած խռոված կեցվածքով հայտնվի միայնակ: 
«Մեր նպատակը հենց դա է, որ դա թույլ չտանք»,-ասաց Շավարշ Քոչարյանը՝ միաժամանակ հավելելով, թե դա ենթադրում է հետևողական աշխատանք բոլոր ուղղություններով: 
«Դրա համար, կարծում եմ, այն քաղաքականությունը, որը տարվում է, ուղղված է նրան, որ մենք չգտնվենք այդ պաշարված ամրոցի կարգավիճակում, քանի որ դա բխում է հենց մեր հակառակորդի շահերից»,-նշեց Շավարշ Քոչարյանն՝ ավելացնելով. «Այստեղ խնդիրը հետևյալն էր՝ կամ պետք էր ընդունել նեղացածի կեցվածք և տապալել նիստը, մյուս տարբերակն այն էր, որ այնուամենայնիվ օգտագործել այդ հարթակը՝ այդ բոլորն իրենց հասցնելու համար: Արդյունքում ԵՏՄ անդամ երկրները փորձեցին մեղմել իրավիճակը. իհարկե, դա չի հավասարակշռում տեղի ունեցածը, բայց որոշվեց, որ առաջիկա նիստը տեղի կունենա Երևանում: Փոխարտգործախարարը նշեց նաև, որ ԵՏՄ գործընկերներին հայկական կողմն ասել է այն, ինչ անհրաժեշտ էր և դեռ ասվելու է»: