06-02-2017 13:19

Ընդդիմությունը Սահմանադրական դատարանում կվիճարկի խորհրդարանական ընտրությունների անցկացման օրը

Հայկական ընդդիմությունը կդիմի Սահմանադրական դատարան (ՍԴ)՝ խորհրդարանական ընտրությունների անցկացման օրվա նշանակման վերաբերյալ որոշման սահմանադրականությունը ստուգելու համար: Այդ մասին երկուշաբթի օրը Ազգային ժողովի նիստին ասել է «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ընդդիմադիր ՀԱԿ կուսակցությունը հաղորդագրություն էր տարածել, որով պահանջում էր փոխել խորհրդարանական ընտրությունների ամսաթիվը: Հաղորդագրության մեջ նշվում էր, որ ընտրություների օրվա(2017 թ. ապրիլի 2) նշանակումը կատարվել է Սահմանադրության համապատասխան դրույթի խախտմամբ, և որ ապրիլի 2-ին նշվելու է Ղարաբաղի չորսօրյա պատերազմի զոհված հերոսների հիշատակի տարելիցը:
Հայտարարության հեղինակներն ընդգծել են, որ այդ օրը զոհվածների հարազատներն ու բարեկամները մասնակցելու են սգո արարողությունների, իսկ ողջ հայ ժաղավրդի համար դա Հիշատակի օր է:
«Մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ընտրությունները չէին կարող նշանակվել այդքան շուտ, քանի որ, ինչպես ասացի, դա հակասում է Սահմանադրությանը»,- ասել է Զուրաբյանը: Նա նաև ընդգծել է, որ իշխանություններն իրենց հիմնավորումներն են բերել, բայց ընդդիմությունը գտնում է , որ կան բոլոր հիմքերը՝ ՍԴ դիմելու համար:
Նրա խոսքերով ՀԱԿ-ի պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը հեղինակել է Սահմանադրական դատարանին ուղղված դիմում, որի նպատակը հենց այդ հրամանագիրը անվավեր ճանաչելն է:
Տվյալ դիմումը Սահմանադրական դատարան ներկայացնելու համար պատգամավորները պետք է 27 ստորագրություն հավաքեն:
«Խնդրում ենք բոլոր քաղաքական ուժերին, բոլոր պատգամավորներին, ովքեր ցանկանում են, որ Հայաստանում այնուամենայնիվ Ազգային ժողովի ընտրությունների օրինականությունը հենց սկզբից կասկածի տակ չլինի՝ միանալ այս դիմումին», - հայտարարել է Զուրաբյանը։
Տվյալ առաջարկին իր աջակցություննէ հայտնել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, ով նշել է, որ ԲՀԿ-ն կողմ է հանդես գալիս իրավիճակի օրինական լուծմանը:
Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն իր հերթին նշել է, որ ընտրությունների ամսաթվի ընտրության հարցը իշխող Հանրապետական կուսակցության համար սկզբունքային չէ: Եվ որ բոլոր քաղաքական ուժերի համաձայնության դեպքում ՀՀԿ-ն պատրաստ է վերանայել այդ հարցը:
« Մենք բազմիցս ենք նշել՝ այդ թվում նաև նախագահի մակարդակով, որ պատրաստ ենք վերանայել ամսաթիվը: Մնացածը Ձեր Սահմանադրական իրավունքների շրջանակներում է»,- ասել է Նաղդալյանը: