Բավ է պառակտվել
27-04-2015 10:40

Հայ ժողովուրդը ժամանակակից զանգվածային սպանության առաջին զոհն է եղել.Իսրայելի նախագահ

Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռեվլինը կիրակի օրը Երուսաղեմի իր նստավայրում ընդունել է տեղի հայկական համայնքի ներկայացուցիչներին, ովքեր բարձրացրել են հրեական պետության կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման կարևորությունը։ Այս մասին տեղեկանում ենք  Իսրայելի նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունը։ Հաղորդագրության համաձայն, նախագահ Ռիվլինը Հայոց Ցեղասպանությանն անդրադառնալիս օգտագործել է «զանգվածային սպանություններ» և «հայկական ողբերգություն» բառերը, ինչպես նաև նշել, թե Իսրայելի իշխանությունները չեն ցանկանում կատարվածի համար մեղադրել «որևէ կոնկրետ երկրի»։ «Մեր առջև բարոյական պարտավորություն է դրված մատնանշելու փաստերը, որքան էլ դրանք սարսափելի լինեն։ Մենք չենք կարող դրանք անտեսել։ Հայ ժողովուրդը ժամանակակից զանգվածային սպանության առաջին զոհն է եղել։ Չենք ցանկանում մեղադրել ոևէ կոնկրետ երկրի, սակայն համերաշխություն ենք հայտնում կոտորածների զոհերին», - գործակալությունը մեջբերում է նախագահի խոսքը։ «Հոլոքոստի սարսափից հետո հայ ժողովրդի ողբերգության զոհերի հիշատակի ոգեկոչումը մեր հրեական պարտավորությունն է, թե մարդկային, թե բարոյական։ Հպարտ եմ ձեզ այստեղ ընդունելու համար, որպեսզի նշեմ այս օրը ձեզ հետ», - ասել է Ռիվլինը հայ համայնքի ներկայացուցիչներին, ովքեր, ինչպես նշվում է, նման առիթով առաջին անգամ են հյուրընկալվել նախագահին։ Հաղորդագրության համաձայն, Երուսաղեմի Հայոց պատրիարքության ներկայացուցիչ, արքեպիսկոպոս Արիս Շիրվանյանը «հիասթափություն է հայտնել, որ Իսրայելը մինչ օրս հայերի սպանությունները որպես ցեղասպանություն չի ճանաչում»։ «Նախագահն ընդգծել է, թե կընդունի այդ քննադատությունն ի գիտություն և կարծիք հայտնել, թե Իսրայելի ղեկավարությունը պետք է ավելին անի հայերի կոտորածների հարցը բարձրացնելու համար», - ասված է մամուլի հաղորդագրության մեջ։