Բավ է պառակտվել
07-05-2016 13:19

Հայ դատի հանձնախումբը ի պաշտպանություն Կարո Փալյանի շարժում է սկսում

Ամերիկահայերին ու մարդու իրավունքների պաշտպաններին կոչ ենք անում այցելել anca.org/paylan կայքը ու պահանջել, որ Պետքարտուղարությունը եւ մարդու իրավունքների պաշտպանության առաջատար կազմակերպությունները բարձրաձայնեն Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փալյանի նկատմամբ հարձակումների եւ հետապնդումների մասին: Այս մասին հայտարարություն է տարածել ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը: «Բոլոր այն քաղաքացիները, որոնք մտահոգված են իր հայկական ծագման ու տեսակետներն ազատ արտահայտելու պատճառով հարձակումների ենթարկված Կարո Փալյանի՝ Թուրքիայի խորհրդարանի պատգամավորի անվտանգության համար, կարող են Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ստեղծած հատուկ կայքի միջոցով դիմել Պետդեպարտամենտին, Amnesty International եւ Human Rights Watch կազմակերպություններին եւ նրանց կոչ անել հանդես գալ Կարո Փալյանի պաշտպանությամբ: Թուրքիայի խորհրդարանում ու Սահմանադրական հանձնաժողովում Կարո Փալյանի վրա կատարված հարձակումների տեսագրությունները հրապարակվել ու ցուցադրվել են բազմաթիվ լրատվամիջոցներով: Նրա անվտանգությամբ մտահոգված քաղաքացիները կարող են այս կայքում դիմել Պետդեպարտամենտի քարտուղար օգնական Թոմ Մալինովսկուն,՝ Human Rights Watch-ի գործադիր տնօրեն Քեն Ռոֆին եւ Amnesty International – USA ընկերության գործադիր տնօրեն Մարգարեթ Հուանգին: Այս երեք պաշտոնյաններին հասցեագրված իրենց նամակներով Կարո Փալյանի անվտանգության պաշտպանները կոչ են անում բարձրաձայնել նրան նկատմամբ ուժգնացող սպառնալիքի ու բռնությունների մասին եւ դատապարտել Փալյանի դեմ ատելություն սերմանողներին»,-ասված է հայտարարությունում: Ավեի վաղ, այս շաբաթ, Ամերիկայի «Հայ դատի» հանձնախումբը կոչ էր արել Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջոն Բասին բարձրաձայնել ԱՄՆ-ի մտահոգությունը Կարո Փալյանի անվտանգության վերաբերյալ: Մայիսի 3-ին ուղարկված նամակով Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը Փալյանին համեմատել է հայ լրագրող Հրանտ Դինքի հետ, որին 2007-ին օրը ցերեկով սպանել էին Թուրքիայում: «Դինքի սառնասիրտ սպանությունից առաջ էլ էր «Հայ դատի» հանձնախումբը կոչ արել ԱՄՆ –ին հրապարակավ մտահոգություն հայտնել նրա անվտանգության կապակցությամբ: Ցավոք, ոչ մի նման հայտարարություն չեղավ: Դատապարտման հրապարակային բառերը հնչեցին միայն նրա մահից հետո»,- նշել է Համբարյանը: