Բավ է պառակտվել
27-05-2015 11:16

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Լիբանանի վարչապետին

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը իր լիբանանցի գործընկերոջ Ջեբրան Բասիլի հրավերով պաշտոնական այց կատարեց Լիբանան: Այցելությունը մեկնարկեց Լիբանանի վարչապետ Թամամ Սալամի հետ հանդիպումով։ Ողջունելով Հայաստանի ԱԳՆ ղեկավարին` Լիբանանի վարչապետն ասաց, որ Լիբանանի ժողովուրդը առանձնահատուկ համակրանք ունի հայ ժողովրդի հանդեպ: Բարձր գնահատելով երկու երկրների միջև առկա բարեկամական սերտ հարաբերությունները` վարչապետ Սալամը նշեց, որ դրանում իր զգալի ներդրումն ունի Լիբանանի հայ համայնքը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանում բարձր են գնահատում Լիբանանի հետ ջերմ և փոխշահավետ հարաբերությունները և պատրաստակամ են հավելյալ ջանքեր գործադրել փոխգործակցության զարգացման և առավել ընդլայնման համար։ Կարևորվեց առևտրատնտեսական կապերի ամրապնդումը, Հայաստանում լիբանանյան ներդրումների ծավալների ավելացումը։ Հանդիպմանը վարչապետ Սալամն ու նախարար Նալբանդյանը քննարկեցին երկկողմ հարաբերությունների զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերը։ Երկուստեք կարևորվեց միջկառավարական հանձնաժողովի գործունեության ակտիվացումը։ Զրուցակիցները հանգամանալից մտքեր փոխանակեցին մի շարք տարածաշրջանային խնդիրների, Միջին Արևելքում զարգացումների շուրջ։ Հանդիպմանը արծարծվեց Լիբանանում կայունության և անվտանգության ամրապնդման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Զրուցակիցներն անդրադարձան Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումներին և դրանց խորհրդին։ Այս համատեքստում նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը և հայ ժողովուրդը երախտագիտությամբ են հիշում Ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերի ընդունելությունը լիբանանցիների կողմից: Նախարար Նալբանդյանը վարչապետ Սալամին ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը։