Բավ է պառակտվել
21-04-2015 17:02

Գերմանիայում ցեղասպանության ճանաչման աշխատանքային խումբը հայտարարություն է տարածել

Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման աշխատանքային խումբը, արձագանքելով Դաշնային կառավարության խոսնակի հայտարարությանը , ապրիլի 21-ին «Վերջապես Ճանաչում» վերտառությամբ հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես ասված է. «Թեթևության, երախտագիտության և հույսի զգացումով մենք երեկ լուրերից իմացանք, որ Գերմանիայի խորհրդարանը 2015թ.-ի ապրիլի 24-ին քվեարկության է դնելու իշխող կոալիցիայի կողմից առաջադրված բանաձևը. այս բանաձևը վերջապես Օսմանյան կայսրությունում հայերի բնաջնջումը անվանում է Ցեղասպանություն: Որոշում կայացնելով օգտագործել միակ պատշաճ և իրավաբանորեն ճշգրիտ այս տերմինը՝ երկու իշխող կուսակցությունները վերջ են դնում իրենց տասնամյակների լռությանն ու այս հարցի անտեսմանը, և ուղի են հարթում Գերմանիայում ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու համար: Մենք հույս ունենք, որ Գերմանիայի օրենսդրական մարմնի որոշման տեքստը կներառի նաև հայերի հետ զոհված այլ խմբերին՝ փորձագետների հաշվարկներով ավելի քան մեկ միլիոն հույն ուղղափառ քրիստոնյաներին, ովքեր Օսմանյան Կայսրության քաղաքացիներ էին և ովքեր ցեղասպանության էին ենթարկվել առաջին համաշխարհային պատերազմից առաջ, հետո և ընթացքում: Մենք կգերադասեինք, որ Բունդեսթագը Ցեղասպանությունը ճանաչող որոշում ընդունած լիներ 15 տարի առաջ, երբ գերմանական քաղաքացիական հասարակությունը զանգվածային խնդրագիր էր ներկայացրել Բունդեսթագին ցեղասպանությունը ճանաչելու կոչով: Այս հետաձգման արդյունքում հիշողության քաղաքականության մեջ համապատասխան խնդիրներ, մասնավորապես՝ դպրոցական և արտադասարանային կրթության մեջ ցեղասպանության իրազեկման խնդիրը, մնացին անտեսված: Դրա արդյունքում Գերմանիան դարձել է Թուրքիայի ժխտողական պետական թեզերի էքսկլավը: Նմանապես, այս հետաձգման արդյունքում Հայաստանում և Թուրքիայում ծնված ներգաղթյալների համայնքների՝ Գերմանիայի իրենց բնակավայրերում հուշահամալիրներ կառուցելու փորձերը բազմիցս տապալվել են: Ինչպես ցույց տվեցին Գյութերսլոո, Լեեր և Քյոլն քաղաքների վերջին օրինակները՝ այսպիսի նախաձեռնությունները ձախողվում են տեղական իշխանություններից մերժում ստանալու պատճառով: Մինչ ցեղասպանության ժառանգների ցավն ու վիշտը թույլ չէր տրվում արտահայտել հրապարակավ, Գերմանիայի քաղաքների հանրային վայրերում հայերի և հույների դեմ ցեղասպանության հիմնական կազմակերպիչները հանրայնորեն հիշատակվում և մեծարվում են, մասնավորապես՝ Բեռլին-Նոյքյոլնի «նահատակների» մզկիթի (Şehitlik Mosque) բակում, որտեղ գտնվում են Ջեմալ Ազմիի և Բեահեդդին Շաքիրի «պատվավոր» գերեզմանները: Բունդեսթագի կողմից ճանաչումը նաև դրական ազդեցություն կունենա օսմանյան ցեղասպանության գիտական վերանայման վրա և մասնավորապես դրանում Գերմանիայի դերի քննման հարցում: Այս պահին մենք շնորհակալություն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր նպաստել են գերմանական կառավարական կուսակցությունների վերաբերմունքի փոփոխությանը: Մենք հատկապես շնորհակալ ենք Գերմանիայում հայկական համայնքի հետևողական ջանքերի համար: Նրանց միջոցով գերմանացի ժողովուրդը տեղեկացվել է ցեղասպանության հանցագործության և սերունդների վրա դրա շարունակական ազդեցության մասին»: