Բավ է պառակտվել
26-05-2017 14:50

ՀՀ-ն շահագրգռված է ԵՄ-ի հետ համագործակցության խորացման հարցում. Նախագահ

Հինգշաբթի օրը նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ ՄքԱլիսթերի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են երկրի ղեկավարի մամուլի ծառայությունից:
Կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ երկկողմ հարաբերությունների օրակարգը, Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության կարևոր և արդիական հարցերը, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներն ու մարտահրավերները:
Նախագահը գոհունակությամբ արձանագրել է, որ վերջին տարիներին Հայաստանը Եվրամիության հետ երկկողմ հարաբերություններում զգալի առաջընթաց է գրանցել: Սարգսյանն ընդգծել է, որ մեր երկիրը շահագրգիռ է, և պատրաստ է Եվրոպական միության հետ հնարավոր բոլոր ոլորտներում ընդլայնելու գործընկերային հարաբերությունները:
Երկրի ղեկավարի համոզմամբ, ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, ինչպես նաև 2017-2020թթ. համար գործընկերության առաջնահերթությունները երկկողմ համագործակցության ընդլայնման կարևորագույն ուղենիշեր են, և դրանցում արտացոլված երկուստեք պարտավորությունները նոր լիցք կհաղորդեն նաև Հայաստանի քաղաքական ու տնտեսական լայնածավալ բարեփոխումներին:
ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման գործում նախագահը մեծ տեղ է վերապահել միջխորհրդարանական հարաբերություններին, և կարևորել պատգամավորների հետ հաճախակի շփումները:
Սարգսյանը նաև շնորհավորել է Դեյվիդ ՄքԱլիսթերին՝ Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ է մաղթել:
ՄքԱլիսթերն իր հերթին ընդգծել է, որ Եվրոպական խորհրդարանում մեծ կարևորություն են տալիս տարածաշրջանի երկրների հետ հարաբերություններին և շահագրգռված են ամբողջ տարածաշրջանում ժողովրդավարության ամրապնդմամբ, կայունության և խաղաղության հաստատմամբ:
Սարգսյանը պատասխանել է հյուրին հուզող հարցերին, որոնք վերաբերվել են ինչպես Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականությանը, այնպես էլ հարևան պետությունների հետ հարաբերություններին, տարածաշրջանային խնդիրներին և ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: