Բավ է պառակտվել
13-12-2017 14:39

ՀՀ-ն 2018 թ. գարունը կդիմավորի առանց հայ-թուրքական արձանագրությունների. Նալբանդյան

Հայաստանը 2018 թվականի գարունը կդիմավորի առանց հայ-թուրքական արձանագրությունների, Հունաստանի ԱԳՆ-ում ունեցած իր ելույթի ժամանակ այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008 թվականի աշնանը նախաձեռնել էր նախագահ Սերժ Սարգսյանը: 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Հայաստանի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարները Ցյուրիխում ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունները, որոնք պետք է վավերացվեին երկու երկրների խորհրդարանների կողմից:
Սակայն, 2010 թվականի ապրիլի 22-ին Սարգսյանը ստորագրեց հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը կասեցնող հրամանագիր, հայտարարելով, որ Թուրքիան պատրաստ չէ շարունակել սկսված գործընթացը: Արձանագրությունների վավերացման հարցը գտնվում է սառեցված վիճակում:
«Ինչպես հայտնի է, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը սկսվեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ, ինչն էլ հանգեցրեց 2009 թ. Ցյուրիխյան արձանագրությունների ստորագրմանը:
Այնուամենայնիվ, այդ փաստաթղթերը դեռ չեն վավերացվել, քանի որ Թուրքիան հանդես է եկել անհիմն նախապայմաններով, որոնք հակասում են արձանագրությունների տառին և ոգուն:
Այս փաստաթղթերը չեն կարող ընդմիշտ պատանդ մնալ, և դա է պատճառը, որ Հայաստանի Նախագահը սեպտեմբերին ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի ամբիոնից հայտարարեց, որ Հայաստանը արձանագրություններն առ ոչինչ կհայտարարի, քանի որ չկա որևէ դրական առաջընթաց դրանց իրականացման համար, և մենք 2018թ գարունը կդիմավորենք առանց այդ Արձանագրությունների», - Նալբանդյանի խոսքերն է մեջբերել ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ գոյություն չունեն, իսկ հայ-թուրքական սահմանը փակ է 1993 թվականից՝ պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ: Երկու երկրների բարդ հարաբերությունների պատճառը, մասնավորապես ղարաբաղյան հակամարտության հարցում Անկարայի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող աջակցությունն է, ինչպես նաև 1915թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին հանդեպ Թուրքիայի սուր արձագանքը: