03-12-2014 13:29

Հայաստանը կիսում է Աֆղանստանը փոխակերպելու ընդհանուր տեսլականը. Է. Նալբանդյան

Նախօրեին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, ներկա գտնվեց և ելույթ ունեցավ Աֆղանստանում անվտանգության ապահովման «Վճռական աջակցություն» առաքելության մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը, որը նվիրված էր առաքելության մեկնարկին։ Աֆղանստանում տիրող իրավիճակին և միջազգային հանրության անելիքներին նվիրված հանդիպմանը մասնակցում էին Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին և գործադիր իշխանության ղեկավար Աբդուլա Աբդուլան, ՆԱՏՕ-ի անդամ և «Վճռական աջակցություն» առաքելության մասնակից շուրջ չորս տասնյակ երկրների ԱԳ նախարարներ: Իր խոսքում նախարար Նալբանդյանը շնորհավորեց Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանիին և գործադիր իշխանության ղեկավար Աբդուլա Աբդուլային՝ ընտրական գործընթացի ավարտի, պաշտոնների ստանձնման, ազգային համաձայնության կառավարության ձևավորման կապակցությամբ, և վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը` շարունակելու օժանդակությունը Աֆղանստանում անվտանգության և ներազգային համերաշխության հաստատման ուղղությամբ գործադրվող միջազգային հավաքական ջանքերին: «Ուելսի գագաթաժողովում մենք ամփոփեցինք Աֆղանստանի անվտանգության աջակցության ուժերի շրջանակներում իրականացված աշխատանքները, որոնց իր ներդրումն է բերել նաև Հայաստանը։ Մի քանի շաբաթից Աֆղանստանի անվտանգության աջակցության ուժերի գործողությունը կավարտվի, և կսկսվի մեր ներգրավվածությունը «Վճռական աջակցություն» առաքելության շրջանակներում։ Հայաստանը կիսում է Աֆղանստանը այնպես փոխակերպելու ընդհանուր տեսլականը, որ այն չհանդիսանա մշտական մտահոգության առարկա՝ իր հարևանների և այլ երկրների համար, այլ դառնա դրական շարժիչ ուժ՝ ողջ տարածաշրջանի համար։ Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը` շարունակելու աշխատանքներն այդ ուղղությամբ», - ասաց նախարար Նալբանդյանը։