05-10-2017 14:21

Հայաստանը միացավ ռուս-բելոռուսական « Պաշտպանական համակարգեր» ՄՖԱԽ-ին

Այսօր, հոկտեմբերի 5-ին կայացած ԱԺ նիստին հայ խորհրդարանականները վավերացրեցին ռուս-բելոռուսական «Պաշտպանական համակարգեր» միջպետական ֆինանսաարդյունաբերական խմբին միանալու վերաբերյալ համաձայնագիրը:
« Պաշտպանական համակարգեր» ՄՖԱԽ-ն ստեղծվել է 2000թ. փետրվարի 11-ին՝ ռուս-բելոռուսական միջխորհրդարանական համաձայնագրի հիման վրա: Դրա հիմնադիրներն են հանդիսանում երկու երկրների առաջատար նախագծող բյուրոները, պաշտպանական համալիրի ձեռնարկությունները և կոմերցիոն բանկերը: Խմբի ստեղծման հիմնական նպատակը դրա անդամների գիտատեխնիկական, արդյունաբերական և ներդրումային պոտենցիալի օգտագործումն է՝ համաշխարհային շուկայում մրցունակություն ունեցող բարձրտեխնոլոգիական հակաօդային պաշտպանության միջոցների, ռազմական և քաղաքացիական նշանակության արտադրանքի այլ տեսակների ստեղծման և արտադրության նպատակով:
Ինչպես համաձայնագիրը ներկայացնելիս նշել է ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը, համաձայնագրի հիմնական նպատակը Հայաստանի, Ռուսաստանի և Բելոռուսի միջև ձևավորված գիտատեխնիկական, արդյունաբերական, առևտրաֆինանսական կապերի ամրացումն է, ինչպես նաև աջակցությունը արտադրական և ներդրումային պոտենցյալին և դրա էֆեկտիվ օգտագործումը:
« Ըստ էության, Հայաստանը հնարավորություն է ստանում կապեր հաստատել պաշտպանական ձեռնարկությունների հետ, ներքին սակագներով օգտվել ՌԱՀ-ից, ինչպես նաև սեփական ընկերությունները հասանելի դարձնել արտասահմանյան գործընկերների համար: Մենք կկարողանանք սպասարկման ծառայություններ մատուցել ՌԴ-ի և Բելոռուսի ռազմական տեխնիկային»,- ասել է Զաքարյանը:
Խումբը թույլ է տալիս համագործակցել ռազմաարդյունաբերության համալիրի հետ, թույլ է տալիս իրականացնել ռազմական տեխնիկայի, սարքավորումների վերանորոգման աշխատանքներ, կատարել փորձի, գիտելիքների փոխանակում և միասնական ուժերով զարգացնել կառուցողական պոտենցյալը:
Հայաստանը վավերացրել է նաև ռուս- բելոռուսական «Պաշտպանական համակարգեր» միջպետական ֆինանսաարդյունաբերական խմբի կազմավորման մասին համաձայնագիրը:
Փաստաթուղթը վավերացնելուց հետո Հայաստանը հնարավորություն է ստանում նշանակել միջպետական ֆինանսաարդյունաբերական խմբի նախագահի սեփական տեղակալի, ինչպես նաև խմբի անդամների, որոնք մշտական մասնակցություն կունենան խմբի աշխատանքներին: