Բավ է պառակտվել
30-09-2015 08:29

Սիրիացի փախստականների ընդունման ցուցանիշով ՀՀ-ն Եվրոպայում առաջիններից է

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՄԱԿ Գլխավոր վեհաժողովում, խոսելով սիրիական ճգնաժամի մասին, հորդորել է արժանին մատուցել սիրիացի փախստականներին հանգրվանած երկրներին: «Այսօր մենք ականատեսն ենք Մերձավոր Արևելքում տեղի ունեցող անմարդկային դաժանությունների: Կրոնական անհանդուրժողականությունը հանգեցրել է անդառնալի հետևանքների: Մենք ամենաուղղակի կերպով ենք զգում տեղի ունեցող վայրագությունները, քանզի դրանց հետևանքով ոչ միայն ոչնչացվում են հայկական հոգևոր և մշակութային ժառանգության նմուշները, այլև սպանվում և փախստական են դառնում Իրաքում և Սիրիայում բնակվող բազմաթիվ հայեր: Սիրիացի ժողովրդի համար ծանր ժամանակաշրջանում դժվարությունները կիսում է նաև դարերով այդ տարածքներում ապրող հայությունը: Մենք մեր ուժերի ներածին չափով փորձում ենք օժանդակել փախստականներին»,- նշել է երկրի ղեկվարն ու տեղեկացրել, որ մինչ օրս Հայաստանն ընդունել է ավելի քան 16 հազար փախստական Սիրիայից և այս ցուցանիշով Հայաստանն առաջիններից մեկն է Եվրոպայում: Խոսելով փախստականների խնդրի մասին՝ Սերժ Սարգսյանը նշել է. «Հայերը լավ գիտեն փախստականի տարագիր ճակատագիրը: Հայոց ցեղասպանության զոհերի թիվն անհամեմատ մեծ կլիներ, իսկ վերապրածների ճակատագիրը` շատ ավելի դաժան, եթե այդ ծանր շրջանում մեր ժողովրդի կողքին չկանգնեին մեր բարեկամ երկրները: Այսօր հարկ է արժանին մատուցել Գերմանիային, Շվեդիային և մյուս երկրներին՝ ցուցաբերվող մարդասիրության համար: Ապաստան տալով հարյուր հազարավոր փախստականների՝ նրանք վերահաստատեցին, որ օգնությունը պարտադիր է թե՛ իրավական, թե՛ մարդասիրական տեսանկյունից»: