14-10-2015 10:14

ՀՀ-ն աֆրիկյան 6 երկրների հետ 7 փաստաթուղթ է ստորագրել

Երևանում կայացած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական համաժողովի շրջանակներում արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը աֆրիկյան 6 երկրների արտգործնախարարների հետ ստորագրել է հարաբերությունների զարգացմանը միտված 7 փաստաթուղթ։ Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Սենեգալի Հանրապետության հետ ստորագրվել է երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցությունների անցկացման մասին փոխըմբռնման հուշագիր: Հայաստանի և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության միջև ստորագրվել է արձանագրություն դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ։ Հայաստանի Հանրապետության կառավարության և Մադագասկարի Հանրապետության կառավարության միջև ստորագրվել է մշակութային համագործակցության մասին հուշագիր, նաև հուշագիր արտաքին գործերի նախարարությունների համագործակցության մասին: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Կոմորյան կղզիների միության Հանրապետության արտաքին գործերի, համագործակցության հարցերով նախարարության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։

Համագործակցության հուշագիր է ստորագրվել նաև Հայաստանի ԱԳՆ և Տոգոյի արտաքին գործերի, համագործակցության և աֆրիկյան ինտեգրման հարցերով նախարարության միջև։ Հայաստանի արտգործնախարարության և Կոտ դ’Իվուարի արտաքին գործերի նախարարության միջև ստորագրվել է երկկողմ քաղաքական խորհրդակցությունների մասին փոխըմբռնման հուշագիր։