Բավ է պառակտվել
22-02-2017 11:57

Հայաստանը գոհ է Ռուսաստանի հետ ռազմական համագործակցության մակարդակից

 

ՀՀ Պաշտպանության նախարարությունը շատ գոհ է ռազմական արդյունաբերութան ոլորտում Ռուսաստանի հետ համագործակցության մակարդակից. «Ռիա Նովոստի»-ին տված հարցազրույցում այս մասին ասել է գերատեսչության ղեկավար Վիգեն Սարգսյանը:
«Ռուսաստանը՝ ռազմավարական դաշնակից է: Այդպես ենք մենք դիտարկում Ռուսաստանի հետ ունեցած ողջ համագործակցությունը՝ և՛ ռազմական կադրերի պատրաստման հարցում, և՛ ռազմատեխնիկական ոլորտում, և՛ ռազմաքաղաքական երկխոսությունում: Մենք գտնում ենք, որ այդ ամենը մի անքակտելի համալիր է»,- ասել է Սարգսյանը:
«Մենք բաց ենք և պատրաստ նման երկխոսության հետագա ակտիվացմանը: Պաշտպանության նախարարների և Գլխավոր շտաբի պետերի մակարդակով խորհրդակցությունները կրում են մշտական բնույթ», - հավելել է նա:
Սարգսյանը ընդգծել է, որ հայ և ռուս զինվորականները մշտապես բարձր մակարդակի փոխայցելություններ են կատարում: «Շատ ուրախ եմ, որ իմ՝ նախարար նշանակվելու պահից, հնարավորություն են ունեցել Երևանում ընդունել ՀԱՊԿ գագաթնաժողովի շրջանակներում Հայաստան ժամանած Ռուսաստանի պաշտպանության նախարարին, պաշտոնական այցով լինել Ռուսաստանում: Հայոց բանակի կազմավորման 25-ամյակի տոնակատարության ընթացքում մենք այստեղ հյուրընկալել ենք պաշտպանության նախարարի առաջին տեղակալի գլխավորած պատվիրակությանը: Գտնում եմ, որ նմանատիպ այցերը որքան շատ լինեն՝ այնքան լավ, որովհետև մեր համագործակցությունն ուղղված է մեր տարածաշրջանում սպառնալիքների ու մարտահրավերների համալիր ուսումնասիրությանը, փոխադարձ շահերի ընկալմանն ու այդ շահերի հիման վրա արտաքին ու ռազմաքաղաքական հարցերի բլոկի կառուցմանը», - ասել է նախարարը:
Սարգսյանը նաև նշել է, որ երկրների «հարաբերությունների ներկայիս մակարդակը շատ բարձր է»:
«Այն թեմաները, որոնք մենք այսօր քննարկում ենք գիտական ինստիտուտների ամբողջական ներուժի օգտագործման և զարգացման, արտադրական ներուժի և այլնի վերաբերյալ՝ այդ ամենը մեր երկրների միջև փոխադարձ փոխգործակցության բացառապես նոր հնարավորություններ է բացում: Ցանկանում ենք, որպեսզի դա իրականություն դառնա հնարավորինս կարճ ժամկետներում, և դրա համար առավել ինտենսիվ կաշխատենք», - ասել է պաշտպանության նախարարը: