26-04-2016 15:25

Ղարաբաղյան հակամարտության սրման ժամանակ Հայաստանը չի դիմել ՀԱՊԿ-ին

Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման ժամանակ Հայաստանն օգնության խնդրանքով չի դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ)։ Այդ մասին լրագրողներին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
«Չի եղել ոչ մի խնդրանք»,- հայտարարել է Բորդյուժան՝ պատասխանելով համապատասխան հարցին։
Նա հավելել է, որ պետության բարձրագույն ղեկավարության հետ շփումների ժամանակ նրան հասկացրել են, որ «Հայաստանը, մեծ հաշվով, գործի չի դրել իր ներուժի մեծ մասը», այդ իսկ պատճառով ոչ մի խնդրանք չի եղել:
Բորդյուժան նաև դրական պատասխան է տվել լրագրողի հարցին, թե արդյոք այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղը միջազգային իրավունքի համապատասխան Հայաստանի մաս չի կազմում, ՀԱՊԿ ուժերը կարող են Հայաստանին պաշտպանության գալ միայն նրա միջազգային ճանաչված սահմանների վրա հարձակման ժամանակ։ «Այո՛, դուք ճիշտ եք հասկանում»,- հայտարարել է նա:
Պաշտոնյան, միևնույն ժամանակ, նշել է, որ Լեռնային Ղարաբաղի շրջանում իրավիճակը մեծ նշանակություն ունի ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում անվտանգության ապահովման առումով։

«Եթե տեղի ունենա (զինված գործողությունների) ռեցիդիվ, կգա մի շրջան, երբ մենք կհետևենք ակտիվ և անմիջական զինված հակամարտության, դա «կպայթեցնի» ողջ Կովկասը: Այդ ժամանակ այդ հակամարտության մեջ կներգրավվեն շատ այլ պետություններ, և դա կանդրադառնա Կովկասի շատ ժողովուրդների վրա։ Դա շատ լուրջ է, ես կարծում եմ՝ այսօր որոշիչ է այնտեղ խաղաղություն ապահովելը, որովհետև հակառակ դեպքում՝ Կովկասում շատ մեծ պատերազմ կլինի: Ես դա չէի ցանկանա»,- հայտարարել է Բորդյուժան։