27-01-2017 14:10

ՀՀ-ն կբանակցի ՌԴ-ի հետ՝ վարկային ծրագրով սպառազինություն ձեռք բերելու ծրագրի շարունակության նպատակով

Սպառազինությունների ձեռք բերման համար նախատեսված վարկային ծրագրի երկարաձգման նպատակով Երևանը երկխոսություն կունենա Ռուսաստանի հետ, այս մասին ուրբաթ օրը լրագրողներին տեղեկացրել է ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Նրա խոսքերով 200 մլն. Դոլար վարկով ձեռք բերված սպառազինությունների մի մասը արդեն Հայաստանում են և գտնվում են զինված ուժերի տրամադրության տակ:
«Մյուս կետերը իրականացվում են ստորագրված պայմանագրերի համաձայն, ու մենք հետամուտ ենք, որ որքան հնարավոր է շուտ ստանանք այդ սպառազինման ողջ ծավալը՝ հաշվի առնելով, որ դա ուղիղ ձևով կապված է մեր բանակի մարտունակության հետ»,- ասել է նախարարը:
Սարգսյանն ընդգծել է, որ Երևանը ծրագրի շարունակման համար երկխոսելու է ռուսական կողմի հետ, քանի որ նորագույն սպառազինություններով բանակը համալրելու համար անհրաժեշտ են ոչ միայն համատեղ ծրագրերի շրջանակներում փոխգործակցությունը, և ՀԱՊԿ-ի շրջանակներում համագործակցությունը, այլ նաև ակտիվ աշխատանքը՝ ինչպես ռուսական շուկայում, այնպես էլ այլ գործընկերների հետ:
Նախարարը նաև նշել է, որ անցած տարին կարևորվում է բանակը նորագույն տեխնիկական միջոցներով՝ այդ թվում նաև գիշերային տեսողության, մոնիթորինգի և հետևելու սարքավորումներով և կրակային խոցման միջոցներով վերազինելու ուղղությամբ արված քայլերով:
Ռուսական արտադրության ռազմական նշանակության սպառազինությունների մատակարարման նպատակով ՌԴ-ն և ՀՀ-ն պայմանագիր էին ստորագրել՝ Երևանին 200 մլն դոլարի չափով պետական վարկ տրամադրելու վերաբերյալ: Վարկի մարումը պետք է սկսվի 2018 թվականից:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանը ՌԴ-ից ձեռք է բերելու
«Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի կայաններ` դրանց համար նախատեսված զինամթերքով, «Իգլա-Ս» համակարգի զենիթային հրթիռներ, «Ավտոբազա-Մ» կատարողական ռադիոտեխնիկական հետախուզության ցամաքային համալիրներ, ՏՕՍ-1Ա ծանր հրանետ համակարգեր` տրանսպորտային լիցքավորման մեքենաներով, 9Մ113Մ կառավարվող հրթիռներ, ՌՊԳ-26 հակատանկային ռեակտիվ նռնականետ, Դրագունովի դիպուկահար հրացաններ, «Տիգր» զրահամեքենաներ, ինժեներական և կապի միջոցներ:
Վարկը հայկական կողմն օգտագործում է ռուսական ռուբլով հաշվարկված արտադրանքի մատակարարման վերաբերյալ պայմանագրերից յուրաքանչյուրի արժեքի 90%-ի ֆինանսավորման համար: Կանխիկ վճարումները կազմում են պայմանագրերից յուրաքանչյուրի արժեքի 10%-ից ոչ պակաս, և հայկական կողմն այդ վճարները իրականացնում է ռուբլիով՝ հօգուտ ռուսական լիազորված կազմակերպությունների: