Բավ է պառակտվել
09-01-2018 15:22

Հայաստանին կայուն Իրան է անհրաժեշտ. փորձագետ

Իրանը Հայաստանին անհրաժեշտ է կայուն, առանց ցնցումների: Այդ մասին երեքշաբթի օրը հայտարարել է իրանագետ Գոհար Իսկանդարյանը:
Դեկտեմբերի 28-ին, Իրանի խոշոր քաղաքներում, այդ թվում նաև Թեհրանում, Մաշհադում, Սպահանում և Ռաշտում, սկսել են զանգվածային բողոքի ակցիաներ՝ ուղղված կառավարության կողմից իրականացվող սոցիալական և տնտեսական քաղաքականության դեմ: Նախագահ Հասան Ռուհանին հայտարարել է, որ բողոքի ցույցերը պայմանավորված են ոչ միայն ներքին խնդիրներով, այլ դրանք նաև հրահրվում են այլ պետությունների կողմից:
Իրանական ԶԼՄ-ների տվյալներով, անկարգությունների զոհ են դարձել առնվազն 20 մարդ, մոտ 450 մարդ ձերբակալվել է:
«Լավ կլինի, եթե Իրանում փոփոխություններ տեղի ունենան և այդ պետությունն ավելի դեմոկրատ, թափանցիկ և բաց դառնա: Բայց ես հույս ունեմ, որ այդ փոփոխությունները տեղի կունենան առանց ցնցումների, հակառակ դեպքում ո՛չ Հայաստանի համար, ո՛չ տարածաշրջանի համար ոչ մի լավ բան չի սպասվում»,- ասել է նա:
Փորձագետի կարծիքով, լուրջ ցնցումների և Իրանի կողմից՝ իրավիճակի վերահսկողությունը կորցնելու պարագայում շատերը կփորձեն օգտվել իրավիճակից, և երկրում մի շարք խնդիրներ հարուցել: Իսկ հարևան երկրում ցնցումները հակասում են նաև Հայաստանի ազգային անվտանգության շահերին:
« Հարկավոր է հաշվի առնել, որ նման իրադարձությունների պարագայում կձևավորվի միգրանտների հոսք, որոնց մի մասը կուղղվի դեպի Հայաստան»,- ասել է Իսկանդարյանը: