23-12-2015 09:03

Հայաստանը մասնակցում է ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին

Անկախ պետությունների համագործակցության անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհուրդը հերթական 69–րդ նիստում չորեքշաբթի կկազմի 2016 թվականի համատեղ աշխատանքի ծրագիրը։ Երեքշաբթի հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ Միջոցառմանը կմասնակցեն Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի ռազմական գերատեսչությունների ղեկավարներ, ինչպես նաև ԱՊՀ Գործադիր կոմիտեի և ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարության ներկայացուցիչներ։ «Ծրագրվում է ամփոփել ԱՊՀ անդամ պետությունների ռազմական գերատեսչության իրագործման արդյունքները մինչև 2015 թվականը և ծրագրել 2016 թվականի համատեղ աշխատանքը։ Նիստի արդյունքներով որոշումներ կընդունվեն հակաօդային պաշտպանության միավորված համակարգի, կապի համակարգի զարգացման, մարդասիրական ականազերծման ոլորտում գործակցության, ռազմական կադրերի ուսուցման, օպերատիվ և մարտական պատրաստության համատեղ միջոցառումների, ինչպես նաև ԱՊՀ ձևաչափով ռազմամարզական միջոցառումների անցկացման հարցերի վերաբերյալ», – ասվում է հաղորդման մեջ։ Նշվում է, որ նիստի ընթացքում կդիտարկվի պաշտպանության նախարարությունների` տարբեր ուղղություններով ավելի քան քսան հարցեր։ «Կկայանան ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների մի շարք երկկողմ հանդիպումներ, որոնց ընթացքում ենթադրվում է քննարկել ռազմական և ռազմատեխնիկական ոլորտների փոխգործակցության արդիական հարցեր, ինչպես նաև հաստատել 2016 թվականի պաշտպանական գերատեսչությունների գործակցության ծրագրեր»,– նշում է գերատեսչությունը։