15-08-2016 17:34

Հայերն, անկախ նրանից` որտեղ են ապրում, մեկ ընդհանուր արժեք ունեն. Սերժ Սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանը Բրազիլիայի Դաշնային Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակներում Բրազիլիայի խոշորագույն հայկական համայնք ունեցող Սան Պաուլո քաղաքում հանդիպում է ունեցել Սան Պաուլո նահանգի նահանգապետ Ժերալդո Ալքմինի և հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ավարտին ՀՀ Նախագահը և նահանգապետ Ալքմինը հանդիպել են Սան Պաուլոյի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որոնք ընդունելություն էին կազմակերպել նահանգապետարանում` ի պատիվ Հայաստանի Հանրապետության Նախագահի: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Հանրապետության Նախագահը հանդիպման մասնակիցներին ուղղված իր ողջույնի խոսքում գոհունակությամբ է փաստել, որ Հայաստանից հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվող բարեկամ Բրազիլիայում հայ համայնքը կարողացել է պահպանել հայկական շունչը և արժանավայել ներկայացնել հայ ժողովուրդը` ապրելով ու արարելով Հայրենիքի սահմաններից դուրս, հային հատուկ աշխատասիրությամբ ու իմաստությամբ հասնելով հասարակական բարձր դիրքի, դառնալով օրինապաշտ քաղաքացիներ, տարբեր բնագավառներում հարգված ու պահանջված մասնագետներ: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել համայնքի դերը նաև հայ-բրազիլական հարաբերությունների զարգացման գործում և ընդգծել, որ Բրազիլիայում շատերը հենց նրանց շնորհիվ են ճանաչում հայ ժողովրդին ու նրա հազարամյա ժառանգությունը:

«Ես հպարտ եմ, որ չնայած ճակատագրի փորձություններին՝ մենք այսօր այստեղ ենք միասին, ունենք անկախ հայրենիք, այդ հայրենիքը այս օլիմպիական խաղերում արժանվույնս ներկայացնող մարզիկներ և ի դեմս ձեզ՝ այստեղ նրանց սատարող հայրենակիցներ:

Հարգելի՛ ներկաներ,

Հայոց ցեղասպանությունից 100 տարի անց, մենք, առավել քան երբևէ, համախմբվեցինք, մեկտեղեցինք մեր ուժերն ու միասնական ոգով կարողացանք աշխարհին ապացուցել, որ անհողդողդ է հայի կամքը, հաստատակամ նրա պայքարը՝ հանուն արդարության հաստատման, հանուն ցեղասպանություն հանցագործության դատապարտման։ Մեր պայքարը շարունակական է, քանի դեռ աշխարհի որևէ ծայրում մարդկանց բնաջնջում են խմբային պատկանելության պատճառով միայն: Ինչպես մեկ անգամ արդեն նշել եմ. «Աշխարհի որևէ անկյունում իրականացված ցեղասպանություն պետք է ընկալվի որպես ողջ միջազգային հանրության ձախողման հետևանք, իսկ դրանց կանխարգելումը՝ ինչպես յուրաքանչյուրիս, այնպես էլ ողջ մարդկության պատասխանատվություն»:

Այս առումով իմ խորին շնորհակալությունն եմ ուզում հայտնել ինչպես Բրազիլիայի տեղական կառավարման մարմիններին՝ ի դեմս Սան Պաուլո նահանգի ղեկավարների, այնպես էլ Բրազիլիայի Դաշնային խորհրդարանին, որ 2015թ. ճանաչեց Հայոց ցեղասպանությունը՝ իր ներդրումը բերելով ցեղասպանությունների և մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխարգելմանն ուղղված միջազգային ջանքերին: Այդ բանաձևով, Բրազիլիան արժևորեց իր սահմաններում բնակվող հայ փախստականների հազարավոր ժառանգների նպաստը այս երկրի տնտեսական, սոցիալական և մշակութային կյանքում:

Մենք մոտիկից հետևել ենք ինչպես աշխարհի բազմաթիվ երկրներում, այնպես էլ Բրազիլիայում կազմակերպված ոգեկոչման միջոցառումներին: Շնորհակալ եմ ձեզ, բրազիլահայ համայնքի բոլոր կազմակերպություններին, կառույցներին և միություններին, անհատներին ազգանվեր գործունեության, Մայր Հայրենիքին ու անկախ Արցախին նեցուկ կանգնելու պատրաստակամության, հայապահպանմանն ուղղված ամենօրյա նվիրումի համար։ Վստահ եմ, որ նույն ոգով շարունակելու ենք համագործակցել և կյանքի կոչել գալիք բազմաթիվ ծրագրեր։

Սիրելի՛ հայրենակիցներ,

28 տարի առաջ հայ ժողովուրդը ոտքի կանգնեց՝ Արցախին սատարելու, Արցախն ազատագրելու համար: Արցախյան գոյամարտը մեր ազգային վերածննդի և միասնականության ևս մեկ դրսևորում էր, որ սկիզբ դրեց մեր պետականության վերականգնմանը։ Ամիսներ առաջ Ադրբեջանը լայնամասշտաբ գործողություններով կոպտորեն խախտեց զինադադարի պայմանագիրը, կրկին պատերազմ սկսեց Արցախի դեմ, բայց մեծ կորուստներ կրելով՝ ստիպված կանգ առավ ու դադարեցրեց գործողությունները: Քառօրյա այս պատերազմը մեր միասնականության յուրատեսակ մի քննություն էր, որ մենք պատվով հաղթահարեցինք: Այդ ընթացքում ոտքի կանգնեց ողջ հայ ազգը թե՛ Հայաստանում և թե՛ Սփյուռքում, դարձավ մեկ բռունցք: Եվ մենք հավատացինք, որ աշխարհում ոչ մի ուժ ի զորու չէ սասանել մեր միասնականությունը:

Հայտնի ասույթի համաձայն, պատերազմին պատրաստ լինելով՝ մենք ձգտում ենք խաղաղության: Հայաստանը հաստատակամ է խնդիրը խաղաղ ճանապարհով կարգավորելու հարցում՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման արդար պահանջն իրացնելու վճռականությամբ:

Հարգելի՛ հայրենակիցներ,

Այս տարի մենք ազգովի մեծ հանդիսավորությամբ նշելու ենք հայկական երկու անկախ պետությունների 25-ամյակը: 25 տարին քառորդ դար է՝ ուղիղ մեկ սերունդ: Իսկ այս շրջանի մեր ձեռքբերումներից լավագույնը ես համարում եմ ազատ մտածող, ազատությունն արժևորող, հպարտ ու ըմբոստ, հաճախ էլ նաև ինձ ընդդիմացող սերունդը:

Քառորդ դարը բավական ժամանակ է. ուստի եկել է մեր անցած ճանապարհը վերարժևորելու պահը: Ձեռքբերումներով լի այս 25 տարիների ընթացքում ունեցել ենք նաև, անշուշտ, կորուստներ, դրանց կողքին՝ նվաճումներ, հաղթանակներ, դարձել ենք միջազգային հանրության լիիրավ անդամ:
Այսօր Հայաստանը թևակոխել է նոր շրջան, զարգացման նոր փուլ: Մայր օրենքի փոփոխությամբ մենք ընտրեցինք երկարաժամկետ ու կայուն զարգացման ճանապարհը: Այն արտացոլում է ապագայի մասին մեր տեսլականը, պատկերացումներն ու մոտեցումները՝ ուղղված ժողովրդավար, ամուր, բարեկեցիկ ու ապահով պետություն կառուցելուն: Նոր Սահմանադրությունը դառնալու է այն հիմքը, որի վրա խարսխվելու են հետագա բարեփոխումները՝ նոր սերնդի Հայաստանը:

Քսանհինգամյա անկախությամբ ամրացած` մենք այսօր հավատով ենք առաջ նայում ու առաջ գնում ավելի վստահ քայլերով»,-ասել է ՀՀ Նախագահը:

Սերժ Սարգսյանը խոսել է նաև անցած 25 տարիներին մեր երկրում իրականացված բարեփոխումների, գործարար և ներդրումային միջավայրի բարելավման մասին և նշել, որ Հայաստանում պատրաստ են քննարկել հայ համայնքի ներկայացուցիչների կողմից ներկայացված ներդրումային ծրագրերը, նոր գաղափարներն ու ստեղծարար առաջարկները, դրանք կենսագործելու համար ստեղծել հնարավորություններ ու պատշաճ պայմաններ: Հանրապետության Նախագահը կարևորել և ավելի արդիական է համարել 25 տարի անց խոսել ոչ թե օգնության, այլ փոխշահավետ համագործակցության մասին:

«Սիրելի՛ հայեր,
Ավարտելով խոսքս, ուզում եմ ասել, որ հայերը, անկախ նրանից` աշխարհի որ մասում են ապրում, ինչ լեզվով են խոսում, մեկ ընդհանուր արժեք ունեն` համայն հայության Հայրենիքն ու Հայոց պետականությունը»,-ընդգծել է Նախագահ Սերժ Սարգսյանը և պատասխանել հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին:

Հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը ելույթ է ունեցել նաև նահանգապետ Ժերալդո Ալքմինը:

Ակնարկելով, որ Հայոց պետականությունը սկիզբ է առել դեռևս Ք.ա. 6-րդ դարում, և որ 301 թվականին Հայաստանը դարձել է առաջին Քրիստոնյա երկիրը` նահանգապետ Ալքմինը ընդգծել է, որ Հայաստանը անվանում են քարերի երկիր, քանի որ Արևելքի և Արևմուտքի միջև գտնվող Հայաստանը անցել է դժվարին և քարքարոտ ճանապարհ: Նահանգապետը հպարտությամբ է փաստել, որ Սան Պաուլո նահանգը առաջինն է Բրազիլիայում, որն ապրիլի 24-ը հաստատեց որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:

«Մեզ համար մեծ պատիվ է, որ մեր նահանգում են բնակվում Բրազիլիայի հայ համայնքի 70 տոկոսը, ուրեմն՝ դուք ձեր տանն եք: Մենք ունենք հայկական թաղամաս, հայկական մետրոյի կայան, հայկական կամուրջ: Նույնիսկ Պորտուգալիան այդքան բան չունի մեր նահանգում: Հայ համայնքը շատ սիրված է. այն ցուցաբերում է մեծ օգնություն նահանգի բարգավաճմանը, և, անշուշտ, ցանկացած հարցում աջակցում է մեր նահանգին: Մենք Հայաստանի հետ ունենք ծավալուն տնտեսական հարաբերություններ և Նախագահ Սերժ Սարգսյանի այցի արդյունքում դրանք էլ ավելի պետք է ընդլայնվեն: Մենք հպարտ ենք, հարգարժան Նախագահ Սերժ Սարգսյան, որ հյուրընկալում ենք Ձեզ մեր նահանգում՝ Սան Պաուլոյում, Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ ամյակի շեմին, որը կտոնվի սեպտեմբերի 21-ին: Թող Ձեր ներկայությունը արգասաբեր լինի և հիշեք, որ Դուք Ձեր տանն եք»,- իր ելույթում ասել է Ժերալդո Ալքմինը:

Հանդիպման ավարտին ՀՀ Նախագահը Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 1-ին աստիճանի շքանշանով է պարգևատրել Սան Պաոլոյում Հայաստանի պատվավոր հյուպատոս, համայնքային ակնառու գործիչ, բարերար տիկին Հիլդա Դիրուհի Բուրմայանին: Ի թիվս բազմաթիվ իրագործված ծրագրերի` Բուրմայանների ընտանիքն է հոգում Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատան կառուցման ծախսերը: