Բավ է պառակտվել
01-12-2015 13:34

Փորձելու ենք կասեցնել սահմանադրական փոփոխությունները. Ա. Մարտիրոսյան

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ամփոփելով քարոզարշավի ընթացքը, ասաց, թե այն, ինչ կատարվեց իշխանության կողմից, սպասելի էր և որևէ նորություն չկար: 
«Նորությունը մեթոդաբանության մեջ էր, որը ճանապարհին փոխվեց: Սխալված չեմ լինի, եթե ասեմ հասարակության 95 տոկոսը «ոչ»-ի կողմնակից է: Իրենց այլ բան չի մնալու, քան հանձնաժողովներում կեղծելը, դրա համար էլ ճանապարհի կեսից մարտավարությունը փոխեցին, այն է՝ հանձնաժողովի ընդդիմադիր անդամներին կաշառել, ահաբեկել: Այդ գործընթացը սկսել է և դեռ չի ավարտվել»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը՝ նշելով, թե Հայ ազգային կոնգրեսին հաջողվել է այդպիսի դեպք ապացուցող տեսանյութ ունենալ: 
«Մեզ թողեցին միայն հրապարակը, ուստիև, ես և Րաֆֆի Հովհաննիսյանը համահիմնադիրը եղանք «Նոր Հայաստան» փրկության ճակատի: Այսօրվա հանրահավաքով և անհնազանդության գործողություններով փորձելու ենք կյանքի կոչել Հայաստանում քաղաքական զարգացումները, մենք այլ ճանապարհ չունենք, եթե չկա ընտրական ինստիտուտ»,–ասաց նա: 
«Իշխանությունները սխալ արձագանք են տալիս մեր կողմից հայտարարված գործողություներին, փաստը ոստիկանության երեկվա տարածած հաղորդագրությունն է: Կարող ենք արձանագրել, որ ոստիկանությունն ու իշխանություններն անօրինական քայլերի կողմից են: Անկախ այդ ամենից, մեր գործողությունները լինելու են խաղաղ՝ քաղաքացիական անհնազանդության եղանակով»,- ավելացրեց Արմեն Մարտիրոսյանը: «Ժառանգության» փոխնախագահը նաև նշեց, թե մինչև դեկտեմբերի 6-ը փորձելու են արդյունքների հասնել՝ «կասեցնել սահմանադրական փոփոխությունները»: 

«Ընդդիմությունն այս տարիների ընթացքում, անկախ նրանից, թե ինչ դեմքերով է հանդես եկել, բացառապես խաղաղ գործողությունների շրջանակում է գործել, իշխանություններն են, որ ապօրինությունների են դիմել: Միայն նրանց դաշտում է ապօրինություններն ու բախումների գնալը, մենք բախումների չենք գնա, բայց ինքնապաշտպանվելը մեր իրավունքն է»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը: