Բավ է պառակտվել
30-10-2014 11:33

Արմեն Գևորգյանը նշանակվել է IDeA հիմնադրամի ղեկավար

Արմեն Գևորգյանը դարձել է բարերար և գործարար Ռուբեն Վարդանյանի և նրա տիկնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի կողմից հիմնված IDeA հիմնադրամի («Հայաստանի զարգացման նախաձեռնություններ») նոր ղեկավարը: Այս մասին հայտնում են IDeA հիմնադրամի մամուլի ծառայությունից: «IDeA հիմնադրամն իրականացնում է լայնածավալ բարեգործական նախաձեռնություններ Հայաստանի, Արցախի եւ հայկական սփյուռքի համար, որոնք ուղղված են պայմանների ստեղծմանը հայ ժողովրդի արժանապատիվ ապագայի ապահովման համար: Մենք ունենք բազմաթիվ ծրագրեր, որոնք գտնվում են իրականացման տարբեր փուլերում, ինչպես նաև նոր գաղափարներ ու նախագծեր: Վստահ եմ, որ Արմեն Գեւորգյանն ունի բոլոր անհրաժեշտ որակները մեր ծրագրերը հետեւողականորեն կյանքի կոչելու համար»,- ասել է Ռուբեն Վարդանյանը: «Աշխատելով Հայաստանի կառավարությունում՝ ես համագործակցել եմ Ռուբեն Վարդանյանի եւ նրա գործընկերների հետ «Տաթեւի վերածնունդ» ծրագրի, UWC Dilijan College միջազգային դպրոցի կառուցման եւ բազմաթիվ այլ բարեգործական նախաձեռնությունների իրականացման շրջանակներում: Այդ ծրագրերը փոխակերպում են Հայաստանը՝ այն դարձնելով առավել հետաքրքիր արտաքին աշխարհի եւ ավելի հարմարավետ մեր երկրի քաղաքացիների համար: Ես ընդունել եմ IDeA հիմնադրամը ղեկավարելու առաջարկը, քանի որ այն ինձ թույլ կտա լավագույնս կիրառել գիտելիքներս ու փորձը Հայաստանի զարգացման գործում»,-ասել է Արմեն Գևորգյանը: Արմեն Գևորգյանն աշխատել է ՀՀ պետական կառավարման համակարգում 1997թ.-ից մինչև 2014թ՝ զբաղեցնելով ՀՀ վարչապետի օգնականի, ՀՀ նախագահի օգնականի, նախագահի առաջին օգնականի, նախագահի աշխատակազմի ղեկավարի, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի, տարածքային կառավարման նախարարի և ՀՀ փոխվարչապետի պաշտոնները: IDeA-ն բարեգործական հիմնադրամ է՝ ստեղծված երկարաժամկետ ծրագրերի իրականացման համար, որոնք ազդեցություն կգործեն Հայաստանի ապագայի վրա և կօգնեն նրան գոյատեւման մոդելից անցում կատարել դեպի բարգավաճման մոդել: