24-04-2014 12:12

Արմեն Աշոտյանը հորդորում է Էրդողանին չհավատալ

Այսօր, Ծիծեռնակաբերդի բարձունքում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, լրագրողների հետ ճեպազրույցում կոչ արեց չհավատալ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թվացյալ անկեղծությանը:

News.gisher.ru-ի թղթակիցը հայտնում է, որ նա նշել է, թե 99 տարի շարունակ Թուրքիայի իշխանությունները հայ ժողովրդին ՛՛հյուրասիրել՛՛ են գեղեցիկ ստերով: Եվ այս դեպքը բացառություն չէ:

՛՛Հայաստանը դեռ շատ գործ ունի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հասնելու ճանապարհին: Վերջին 99 տարում թուրք ժողովրդին բախտ չի վիճակվում սթափ դատող կառավարություն ունենալ, որն ուժ կգտներ ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ պատմական փաստերը՛՛, - ասաց Արմեն Աշոտյանը:

Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի նախօրեին Թուրքիայի Հանրապետության վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «1915թ. իրադարձությունների առնչությամբ» հայտարարությամբ է հանդես եկել, որտեղ, մասնավորապես, ասվում է. ՛՛Այս օրը, որ առանձնակի նշանակություն ունի մեր երկրում եւ ամբողջ աշխարհում ապրող հայ քաղաքացիների համար, արժեքավոր հնարավորություն է ընձեռում պատմական իրադարձությունների վերաբերյալ կարծիքների ազատ փոխանակման համար: Չի կարելի հերքել, որ Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիները, նրա միլիոնավոր թուրք, քուրդ, արաբ, հայ եւ այլ ազգությունների քաղաքացիների համար` անկախ կրոնական եւ էթնիկ պատկանելությունից, բարդ եւ դառը իրադարձություններով լի ժամանակահատված են եղել՛՛: