04-07-2014 13:31

Այժմ ՌԴ-ում ապակայունացման օջախները կարող են առաջանալ անգամ Մոսկվայի մատույցներում.Ա. Մելիքյան

«Ռուսաստանը շտապում է ապահովագրել իր դիրքերը Հարավային Կովկասում»,-news.gisher.ru-ի հետ զրույցում նշեց ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը: Զրուցակցիս խոսքով՝ վեց տարի առաջ ՌԴ-ն կորցրեց Վրաստանը, իսկ բոլորովին վերջերս էլ պայթեց ուկրաինական ճգնաժամը, և այս նոր պայմաններում բազմապատկվեց Ռուսաստանում անջատողական տարաբնույթ շարժումների ակտիվացման անմիջական վտանգը: «Այժմ Ռուսաստանի տարածքում ապակայունացման օջախները կարող են առաջանալ անգամ Մոսկվայի մատույցներում` Կազանում կամ Ուֆայում»,-ասաց Արման Մելիքյանն ու ավելացրեց «Հյուսիսային Կովկասը ևս վառոդի տակառ է հիշեցնում»: Նախկին արդգործնախարարի  համոզմամբ, ըստ էության, մի իրավիճակ է ձևավորվում, երբ Մոսկվայի մատույցներից մինչև Հարավային Կովկասում ՌԴ պետական սահմանն ընկած պատկառելի սեպաձև տարածքում թյուրքական անջատողականության և տարաբնույթ կրոնական ծայրահեղական շարժումների գործունեության գոտու կտրուկ ակտիվացումն այլևս օրինաչափ կլինի: «Կարծում եմ, որ Լավրովի այցը Բաքու և Երևան ու Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի ու Ադրբեջանի անդամակցությանը վերաբերող զարգացումները հենց այս համատեքստում է պետք դիտարկել»,-հավելեց Պարոն Մելիքյանը: Քաղաքական իմաստով, ըստ նրա, այդ վտանգն այս պահին չկա: «Սա չի նշանակում, որ Ադրբեջանը չի փորձի ԵՏՄ-ի ձևավորման հետ կապված գործընթացներն օգտագործել Արցախի հարցում ինչ-որ առավելությունների հասնելու համար, սակայն, գոնե այս պահի դրությամբ, չի երևում Ադրբեջանի կողմից նախաձեռնելիք մի այնպիսի քայլ, որին Հայաստանը չկարողանա հակադարձել քաղաքական, դիվանագիտական կամ ռազմական միջոցներով»,-համոզմունք հայտնեց ՛զրուցակիցս: Ըստ նրա դիտարկաման՝ մեր մտահոգությունը պետք է կապված լինի մեր իսկ դաշնակիցների պահվածքի հետ` ծանր իրավիճակում նրանք կարող են փորձել իրենց տեսանկյունից հեշտ լուծումների միջոցով ժամանակավորապես մեղմել մեր տարածաշրջանում ունեցած սեփական ահռելի խնդիրները: «Հայաստանի հետ կապված խնդիրները Նազարբաևի չարամտությանը վերագրելը մանկամտություն է: Հարկավոր է հստակ գիտակցել, որ Նազարբաևն անձնապես Ռուսաստանի վստահելի ու կայուն գործընկերն է, և դրա համար նա ունի նաև լրջագույն անձնական պատճառներ: Առաջիկայում ԵՏՄ մեր բարեկամ հիմնադիր-պետությունները շատ ջանքեր են գործադրելու Ադրբեջանին սիրաշահելու և իրենց կողմը քաշելու նպատակով»,-ընդգծեց Արման Մելիքյան ու ավելացրեց. «Սա կենսական կարևորություն ունի ինչպես` Ռուսաստանի, այնպես էլ` նախագահ Նազարբաևի համար:Այդքանով հանդերձ, կարիք չկա այդ ջանքերը որպես ընդգծված հակահայկական պահվածք ընկալել»: Վերջինիս համոզմամբ՝ հայկական կողմը պարզապես պետք է սկսի աշխատել ու կանխել իրադարձությունների բացասական զարգացումը, այլ ոչ թե քարշ գա դրանց ետևից ու գործ ունենա արդեն իսկ կատարված ու անշրջելի իրողությունների հետ: «Երկար տարիների ընթացքում արցախյան հակամարտությունը հնարավորություն էր տալիս Ռուսաստանին պահպանելու սեփական դիրքերը Հարավային Կովկասի գոնե մի մասում և այստեղ ռազմակայան ունենալ»,-ասաց նա, ընդգծելով, որ այժմ մերձկրեմլյան իմաստուններից ոմանք, երևի թե, սկսել են մտածել, որ այդ հակամարտությունը վերածվել է ռուսական ներկայությունն ընդլայնելուն խոչընդոտող գործոնի: «Նրանք սխալվում են. հենց պարզունակ քաղաքական մոտեցումները պատճառ դարձան, որ Ռուսաստանի հարաբերությունները Վրաստանի հետ պատերազմի հասցվեցին»,-եզրափակեց ԼՂՀ նախկին արտգործնախարարը:

Տաթև Առաքելյան