25-09-2015 11:05

Արևմուտքը չի կարող թույլ տալ, որ Ռուսաստանը շատ ակտիվանա Մերձավոր Արևելքում. Արաբագետ

Արաբագետ Հայկ Քոչարյանը այսօր անդրադառնալով սիրիական խնդրում Ռուսաստանի ներգրավվածությանը, ասաց, որ ՌԴ-ն բազմիցս ցույց է տվել, որ իր ազգային շահերը պաշտպանելու համար նա կարող է գնալ կտրուկ քայլերի:  «Վերջին շրջանում պրոասադյան ուժերի կողմից վատ լուրեր էին գալիս, պարտություններ էին լինում, այդ պատճառով ռուսական կողմը ստիպված էր միջամտել: Տեղեկություն կա 4-5 հազար հոգանոց ռուսական ջոկատների մասին: 28 ռուսական ռազմական ինքնաթիռներ են հայտնվել, որոնք կարող են լուրջ փոփոխություներ մտցնել հակամարտության ընթացքի մեջ»: Արաբագետը նկատեց, որ Ռուսական կողմիը չի մասնավորեցրել, թե ինչ է անելու Սիրիայում: Մինչ այժմ նշվել է միայն «Իսլամական պետության» դեմ պայքարը: Թե ինչ հետագա նպատակներ կան հավանաբար պարզ կլինի Օբամա-Պուտին հանդիպման ժամանակ, որը նախատեսված է ՄԱԿ-ի նստաշրջանում»: Բանախոսը նաև նկատեց, որ Արևմուտքը չի կարող թույլ տալ, որ Ռուսաստանը շատ ակտիվանա Մերձավոր Արևելքում, սակայն դիմակայել նրան ևս չի կարող: Այն, որ սիրիայում կարող են հայտնվել ամերիկյան զորքեր՝ բանախոսը ևս հավանական չհամարեց: «Պետք է չմոռանալ, որ ռուսական բանակը հզորական բանակներից է և անտեսել դա այսօր չի կարելի»,- եզրափակեց բանախոսը:

Մարինե Բարսեղյան