23-10-2014 14:08

Ա. Մինասյանն առաջարկում է տարանջատել սահմանամերձ և սահմանապահ գյուղեր հասկացությունները

Ազգային ժողովում շարունակվում է քառօրյայի վերջին օրվա աշխատանքը, նախորդ նիստում ընդհատված «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» հարցի քննարկմամբ, որը ընդհատվել էր Արծվիկ Մինասյանի ելույթի ժամանակ: Վերջինս առաջարկեց հստակ օրենքով տարանջատել սահմանամերձ գյուղեր, որոնց թիվը 200 է և սահմանապահ գյուղեր հասկացությունները, և վերջիններիս նկատմամբ, բացի բոլոր տեսակի հարկերից ազատելուց, կոնկրետ սոցիալ տնտեսական աջակցության սխեմաներ կիրառել: «Օգոստոսի 16-ին մեր այցելության ժամանակ պատգամավորները որոշ առաջարկներ ներկայացրել են Կառավարություն»,-ասաց Արծվիկ Մինասյանն ու նկատեց, որ առ այսօր որևէ պատասխան չեն ստացել: Այդ առաջարկները ներառել են՝ կոմունալ ծախսերի արտոնություն, երեխաների ծննդյան միանվագ դրամական օգնությունները ավելացում և կոնկրետ առաջարկներ՝ կոնկրետ գյուղերի համար, օրինակ՝ Բերքեբեր, Այգեպար, ու Չինարի: Արծվիկ Մինասյանն առաջարկեց նաև օրենքով հստակ շարադրել, թե ինչու սահմանապահ համայնքներին պետք է տրվի ամբողջական աջակցություն, իսկ սահմանամերձ բնակավայրերին՝ նոր լուծումներ՝ արդեն հաջորդ փուլում, որպեսզի այս բնակավայրերի բնակիչների շրջանում տարակարծություններ չլինեն: Այսինքն՝ հստակ բացատրվի, որ սահմանապահ գյուղերը երեք կողմից մխրճված են ադրբեջանական զինուժի «վերահսկողության» մեջ:
Նաև պատգամավորն առաջարկեց, որ կան տարընթերցումներ և առաջարկեց, որ մի շարք տերմիններ փոխարինվեն նորերով: Օրինակ՝ «արտադրության կազմակերպում» հասկացությունը փոխարինվի «տնտեսական գործունեություն»-ով: