21-04-2014 14:10

Լավ է, որ վարչապետը փորձում է ժողովրդին դուր գալ, բայց կկարողանա՞ այդ «լծի տակից դուրս գալ». Ա. Սարգսյան

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը տեսակետ հայտնեց, ըստ որի երկրի վիճակը փոխելու համար նոր ձևավորվելիք կառավարությունը, եթե ուզում է փոփոխություն մտցնի, ապա առաջին հերթին պետք է հաշվետվությամբ հանդես գա, և ներկայացնի թե ի՞նչ է արել նախորդ Կառավարությունը:
«Նախ պետք է հասկանանք, թե ի՞նչ է արել Կառավարությունն այն 2.8 մլրդ դոլարը, որը պարտք է վերցրել, երկրորդ` ի՞նչ քաղաքական կուրս է վարել, որը մեզ չի բերել հաջողության և այդ դեպքում ի՞նչ պետք է արվի, որպեսզի այս իրավիճակը փոխվի»,- նշեց Արամ Սարգսյանը: Ըստ նրա Կառավարության թիվ մեկ խնդիրը պետք է լինի այն, որ երկրում պահի երիտասարդներին. երիտասարդները պետք է հույսով լցվեն, որ այս երկրում հեռանակար ունեն, նրանց համար պետք է նորմալ աշխատավարձով աշխատատեղեր ստեղծվեն:
«Դրա համար պետք են ձեռնարկություններ, պետք է խթանել փոքր և միջին բիզնեսը զարգացումը: Սա թիվ մեկ խնդիրն է»,- ՀԴԿ նախագահ: Արամ Սարգսյանի ձևակերպմամբ՝ երկրորդ խնդիրը պետք է լինի արտահերթ խորհրդարանական ընտրությունները, քանի որ գրեթե բոլոր քաղաքական ուժերը ՀՀԿ-ից երես թեքեցին: Արդյունքում որքան էլ ՀՀԿ-ն փորձի այս պահին որոշումներ կայացնել, դրանք չեն ընդունվելու հասարակության կողմից: Անդրադառնալով «Դ!եմ եմ» նախաձեռնության ակցիային վարչապետ Հովիկ Աբրահամյանի ելույթին, Ա.Սարգսյանն ասաց` շատ լավ է, որ վարչապետը փորձում է ժողովրդին դուր գալ, բայց հարցն այն է, նա կկարողանա՞ այդ «լծի տակից դուրս գալ»: «Հովիկ Աբրահամյանին պետք է աշխատելու հնարավորություն տալ՝ տեսնելու համար, թե ի՞նչ ծրագրեր է իրականացնում և ինչպես, հետո նոր գնահատականներ տալ».-նկատեց Ա. Սարգսյանը: