10-09-2014 18:36

Մանուկյանի կարծիքով Հովիկ Աբրահամյանն իր նկատմամբ անհարգալից է

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն իր խոսքն ուղղեց անձամբ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին.
«Ես հայտարարել էի, որ ձեր քաղաքականությունը բերելու է սպառողների քչացման: Այս և նախորդ տարվա արդյունքները ցույց են տալիս, որ իսկապես՝ գազի գնի թանկացումը և գազաֆիկացումը բերում է սպառողների կրճատման ... նույնը կատարվում է «Նաիրիտի», «Որոտանի» , «Վանաձոր քիմպրոմի հետ: Հարց՝ ինչքա՞ն կարելի է այս խնդիրները գլորելով առաջ տանել և լուծում չտալ, ինչքա՞ն պետք է այս քաղաքականությունը շարունակվի»:Մանուկյանը նաև պահանջեց, որ հարցին պատասխանի անձամբ վարչապետը:
Հարցին, սակայն, պատասխանեց ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, ինչը նյարդայնացրեց ընդդիմադիր պատգամավորին:
«Իրոք այս ամիսների ընթացքում բոլոր ձեր նշված հարցերի վերաբերյալ ծավալուն աշխատանք է կատարվել կառավարության կողմից, ինչպես նաև Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից՝ կապված կոռուպցիոն ռիսկերի և առաջիկա տարիներին էներգետիկայի բնագավառում կորուստների նվազեցման հետ կապված: Մոտ ժամանակներս այդ առաջարկությունները և միջոցառումները կներկայացվեն»,- նշեց նախարարը:
Անդրադառնալով «Նաիրիտ»-ին` Զախարյանը նշեց, որ այդ մասին կարող է ընդամենը մեկ բան ասել՝ կառավարության կողմից արվելու է ամեն ինչ` գործարանի վերագործարկման համար. «Վերջին հանդիպման ընթացքում հայտարարվեց, որ մինչև սեպտեմբերի 15-ը կվճարվի մեկ ամսվա աշխատավարձ: Եվ ես հավատացնում եմ, որ կառավարությունը իր խոստումը կկատարի: Իսկ ինչ վերաբերում է գործարանի վերագործարկմանը, ապա այսօր ձևավորվել է որոշակի առաջարկությունների փաթեթ և առաջիկա օրերի ընթացքում այդ փաթեթի մասին նախարարությունը առաջարկություններ կանի ու այն կներկայացնի»:
Նախարարի խոսքի ավարտին Մանուկյանը կրկին դիմեց վարչապետ Աբրահամյանին. «Պարոն Աբրահամյան, ձեր վերաբերմունքը առնվազն հարգալից չէ իմ նկատմամբ: Ես ձեզ հարց եմ տալիս ձեր չորս ամսվա ՝ էներգետիկայի բնագավառում իրականացրած քաղաքականության վերաբերյալ: Երվանդ Զախարյանը դրա հետ կապ չունի, ինչպես այն ժամանակ դրա հետ կապ չուներ Արմեն Մովսիսյանը: Կամ Դուք քաղաքականությունն իրականացնում եք, կամ Ձեր ես-ը այդ բնագավառում իրականացնում եք, կամ էլ ոչ: Այն հարցերին, որ ես Ձեզ տվեցի, այս մարդը չի պատասխանել: Ես քաղաքականության մասին եմ ասում, առաջիկա հանրահավաքների հետ կապված այս հարցերը շատ կարևոր են. Դուք կամ պիտի պատասխանատվություն վերցնեք, որ այդ քաղաքականության տերը Դուք եք և տեղի են ունեցել սխալներ, որոնք այլևս չեն լինելու.... ես լուրջ հարց եմ բարձրացնում»,- վրդովված հայտարարեց պատգամավորը:
Երվանդ Զախարյանը հարցրեց վարչապետից՝ «պատասխանե՞մ, պատասխանե՞մ, պարոն վարչապետ» և ստանալով դրական պատասխան՝ նշեց, թե Էներգետիկայի նախարարությունը կառավարության կողմից լիազորված կառույց է, որն իրականացնում է քաղաքականություն էներգետիկայի բնագավառում և պատրաստ է ցանկացած հարցի պատասխանել: Այս հատվածում Արամ Մանուկյանը տեղից ինչ-որ բան բղավեց, ինչին Ե.Զախարյանն արձագանքեց. «Ես ձեզ չէի ընդհատում, խնդրում եմ լսեք»:
«Ես հայտարարեցի այստեղ, որ կան ծրագրեր ու միջոցառումներ, որոնք պատրաստ են կամ ընթացքի մեջ: Ավարտելուց հետո այդ բոլորը կներկայացնենք ձեզ: Ես սկզում ասացի, որ ձեր բոլոր հարցերին երեք րոպեում պատասխանել հնարավոր չէ, այնպես որ, եթե համաձայն եք, դրանց կպատասխանեմ գրավոր ու կներկայացնեմ», -դիմելով ՀԱԿ ներկայացուցչին` ասաց Ե.Զախարյանը: