17-03-2014 14:02

«Ղրիմի հանրաքվեն նախադեպային կարող է լինել Ղարաբաղի հարցում». քաղաքագետ

Այսօր հրավիրված մամուլի ասուլիս ընթացքում քաղաքագետ Արամ Մանուկյանն անրադառնալով երեկ Ղրիմում կայացած հանրաքվերին հստակ շեշտադրեց. «Ղրիմի հանրաքվեն նախադեպային կարող է լինել Ղարաբաղի հարցում: Չենք կարող չնկատել ակնհայտ նմանություններ Ղրիմի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մեջ»,-ընգծեց բանախոսն ու համոզմունք հայտնեց, որ
միջազգային իրավունքը գործում է այն ժամանակ, երբ տվյալ պետության հետևում կանգնած է հզոր ուժ:
«Այս իրավիճակում արտաքին քաղաքականության մեջ Հայաստանը պետք է հետևողական քայլեր անի, ունենա հզոր դաշնակիցներ, ում շահերը կհամընկնի Հայաստանի շահերին: Միայն այս դեպքում պետք է ակնկալել, որ ղարաբաղյան հարցը արդարացի լուծում կստանա»,- ասաց Արամ Մանուկյանը:
Վերջինիս համոզմամբ՝ ՌԴ-ն չի կարող հայերին հակասող մոտեցում ցուցաբերել ղարաբաղյան հիմնախնդրի հարցում, քանի որ արդեն ցույց է տվել, որ նմանատիպ հակամարտությունների դեպքում ազգերի ինքնորոշման սկզբունքն է պաշտպանում. «Բանակցությունների որ փուլում դա տեղի կունենա, ներկա պահին կանխատեսելի չէ, քանի որ դեռևս Ռուսաստանը չի ցանկանա հարաբերությունները սրել Ադրբեջանի հետ»:
Վերադառնալով Ղրիմի հանրաքվերին, քաղքագետը նշեց. «Սրանով սկիզբ դրվեց Ուկրաինայի մասնատմանը, ինչը կանխատեսելի էր, երբ Կիևում ընդդիմադիր ուժերը եկան իշխանության»: Մոսկվային հերթական անգամ հաջողվեց ցույց տալ, որ կարող է դուրս գալ թվացյալ պատերազմից, ասաց քաղաքագետը, և իրադարձություններն ի շահ իրեն ծառայեցնել:  «Հազիվ թե Ուկրաինայի հարավ-արևելյան շրջաններում օր օրի լարվող իրավիճակը բերի Ղրիմի օրինակին, քանի որ Ռուսաստանը չի ցանկանա էլ ավելի սրել հարաբերությունները Արևմուտքի հետ»,- ասաց քաղաքագետ Արամ Մանուկյանը: Հիշեցնենք, որ Ղրիմում հանրաքվեն անցկացվել է երեկ: Ղրիմի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեի մասնակիցների ավելի քան 96 տոկոսը քվեարկել է Ռուսաստանի կազմում ընդգրկվելու օգտին: