27-09-2014 13:48

ԵՏՄ ստեղծման դեպքում ՀՀ-ի անդամակցությունն այդ միությանը միանգամայն իրատեսական է.քաղաքագետ

Հոկտեմբերի 10-ը սարերի հետևում չէ և այսօր գրեթե բոլոր փորձագետնները քննարկում են մեկ, թե որքանով է երաշխավորված այդ օրը պատմական դարձնելու փորձերը: News.gisher.ru-ի խնդրանքով քաղաքագետԱրամ Մանուկյանն անրադարձավ հարցին և նշեց. «Կդառնա արդյոք հոկտեմբերի 10-ը  խորհրդանշական ամսաթիվ ՀՀ-ի ԵՏՄ-ին անդամակցելու առումով, թե ոչ, առաջնային նշանակություն, կարծում եմ, չունի: Ըստ էության այս հարցում այնքան էլ մեծ չէ տարբերությունը, որևէ փաստաթուղթ կստորագրվի հոտեմբերի 10-ին, թե օրինակ դեկտեմբերին, քանի որ ԵՏՄ-ի գործունեության սկիզբը նախատեսված է հունվարի 1-ից»: Ըստ քաղաքագետի՝ քաղաքական որոշումը ՀՀ իշխանությունների կողմից արդեն կայացվել է, մնացածն արդեն առավելապես ընթացակարգային բնույթի հարցեր են: «Ինչ վերաբերվում է Մաքսային միության անդամների մոտեցումներին ՀՀ-ի անդամակցությանը, ապա կարծում եմ, որ սկզբունքային տարաձայնություններ, որոնք կարող են խոչընդոտ հանդիսանալ ՀՀ-ի անդամակցության համար, նկատելի չեն: Ավելին, տեսանելի է Ռուսաստանի շահագրգռվածությունն ընդլայնելու միության անդամ մասնակիցների թիվը, ինչը ներկայումս ընթացող համաշխարհային զարգացումների ֆոնին չափազանց կարևոր է պաշտոնական Մոսկվայի համար»-հավելեց Արամ Մանուկյանը շարունակելով. «Ի դեպ, Հայաստանում հաճախ խեղաթյուրված են ներկայացվում ԵՏՄ-ի գործունեության որոշ սկզբունքները, նշելով, օրինակ, թե ՀՀ-ի անդամակցությունն անհրաժեշտ է Ռուսաստանին, որպես լրացուցիչ ձայն` Միության գործունեության վերաբերյալ որոշումների կայացման ընթացքում»: Իրականում, ըստ քաղաքագետի, ԵՏՄ-ի գործունեության կանոնակարգը բոլորովին այլ բան է նախատեսում, այն է` որ եթե անդամ երկրներից անգամ որևէ մեկը դեմ է արտահայտվում այս կամ այն որոշման ընդունմանը, իսկ մյուսները կողմ, ապա որոշումն ուժի մեջ չի մտնում: Սա չափազանց կարևոր դրույթ է, քանի որ այն տեսականորեն հնարավորություն է ընձեռում հաշվի առնելու մասնակից բոլոր երկրների շահերը: Հետևաբար Հայաստանը Ռուսաստանի կողմից որպես լրացուցիչ քվե ներգրավելու մասին հայտարարությունները խոսում են հարցից անտեղյակ լինելու մասին: «Միևնույն ժամանակ ներկայումս Ռուսաստանի և Արևմուտքի միջև առկա լարված հարաբերություններն ու սանկցիաների կիրառումը  կարող են էական բացասական ազդեցություն ունենալ ԵՏՄ գործունեության արդյունավետության վրա, եթե այն, իհարկե, նախատեսվածի պես սկսի գործել 2015-ի հունվարից»,-կարծում է Արամ Մանուկյանը:  Զրուցակցիս խոսքով՝ դա կարող է նվազեցնել տնտեսական զարգացման այն սպասումները, որոնք ակնկալում են այդ միությունը նախաձեռնող երկրները: «Ամեն դեպքում ՀՀ իշխանություններն արդեն կայացրել են իրենց որոշումը և Եվրասիական տնտեսական միության ստեղծման դեպքում Հայաստանի անդամակցությունն այդ միությանը միանգամայն իրատեսական է»,-համոզված է փորձագետը:

Տաթև Առաքելյան