Բավ է պառակտվել
11-04-2014 09:49

Ի՞նչ ենթատեքստ ուներ ՀՀ նախագահի երեկվա հայտարարությունը

Երեկ Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպեց ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրականբարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ, որի ընթացքում արված հայտարարությունը դարձավ քննարկումներ առարկա: Gisher.news-ն անմասն չմնալով համապատասխան մեկնաբանություն ստանալու նպատակով զրուցեց քաղաքագետ Արամ Մանուկյանի հետ: «ՀՀ նախագահի խոսքը Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ մի շարք կարևոր եզրահանգումների տեղիք է տալիս: Ըստ էության նախագահն իր խոսքում նշելով, որ պառլամենտական կառավարման մոդելի անցնելու դեպքում նա չի հավակնելու վարչապետի պաշտոնին, հնարավորություն ընձեռեց իրականացնելու Սահմանադրական քննարկումներն առավել ազատ պայմաններում`զերծ մնալով հասարակական հնարավոր ճնշումներից»,-մանրամասնեց քաղաքագետը: Արամ Մանուկյանի համոզմամբ՝ հասարակության որոշ շրջաններում առկա մտավախությունը, որ այսօրինակ բարեփոխումներն անձնավորված են և ծառայելու են ներկայիս իշխանությունների վերարտադրման համար, այս հայտարարությամբ, թերևս կկորցնեն իրենց նախկինում ունեցած բացասական երանգները: «Ուստի այդ բարեփոխումների հնարավոր իրականացման դեպքում հասարակական սուր հակազդեցություն այդ մասով հավանաբար այլևս տեղի չի ունենա»,-ընդգծեց փորձագետն ու հավեկեց. «Այդ աոումով չափազանց կարևոր է և կարելի է ասել նախադեպային է ՀՀ նախագահի այն հայտարարությունը, որ ինքը գտնում է, թե Հայաստանում երկու անգամից ավելի նույն անձը չպետք է զբաղեցնի երկրի ղեկավարի պաշտոնը: Դա հավակնում է ավանդույթ ձևավորել ՀՀ քաղաքական կյանքում, որն իր դրական ազդեցությունը կարող է թողնել Հայաստանի հետագա քաղաքական կյանքի վրա: Սա առաջին դեպքն է, երբ ՀՀ գործող նախագահը`լինելով իշխող կուսակցության ղեկավար, նման մոտեցում է ցուցաբերում, ինչն իր ուղղակի ազդեցությունը կունենա հետագա քաղաքական զարգացումների վրա»: Ըստ Արամ Մանուկյանի՝ նախագահի խոսքում արտահայտվեց նաև իր այն դիրքորոշումը, որով գործող կառավարման ձևն առավել ընդունելի է համարում ներկայիս Հայաստանի համար: «Այդ մոտեցումը բացատրելի է, քանի որ համաշխարհային փորձը ցույց է տվել, որ ճգնաժամային պայմաններում և դժվարությունների հաղթահարման փուլում գտնվող երկրներում առավել արդյունավետ են գործել կենտրոնացված կառավարման ձևերը, այդ թվում նաև ժողովրդավարական երկրներում»,-ասաց զրուցակիցս: Եզրափակելով խոսքը, քաղաքագետը նշեց, որ այս առումով երկրի կառավարման մոդելի փոփոխության վերաբերյալ սպասվելիք քննարկումները, կարծում եմ, որ կլինեն բավականին սկզբունքային և հնարավոր են կողմ և դեմ դիրքորոշումների կողմնակիցների լուրջ հակադրություններ:
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ընթացքում պաշտոնապես հայտարարեց, որ ինքն, այլևս երբեք չեմ առաջադրվելու Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնի համար:

Տաթև Առաքելյան