Բավ է պառակտվել
28-03-2014 13:41

«ՄԱԿ-ի ընդունած բանաձևում ակնհայտ դարձավ, որ Ռուսաստանի մեկուսացումը չի ստացվի».քաղաքագետ

ՄԱԿ-ի ընդունած ռեզոլյուցիայի համատեքստում ի հայտ եկան բավականին ուշագրավ իրողություններ, որոնց մանրամասների ու մեկանաբանությունների հետ ծանոթանալու համար gisher.news-ի թղթակիցը զրուցեց քաղաքագետ Արամ Մանուկյանի հետ:  «Թեև բանաձևն ընդունվեց, բայց քվեարկության արդյունքները միանշանակ չէին: Առավել հետաքրքրական կողմն այն է, որ ըստ էության ակնհայտ դարձավ, որ Ռուսաստանի մեկուսացումը, ինչի մասին վերջին շրջանում շատ էր խոսվում, չի ստացվի»,-ասաց քաղաքագետն ու պարզաբանեց թե ինչու. «Ոչ միայն այն պատճառով, որ հենց Արևմուտքում այդ հարցի շուրջ ներքին ակնհայտ տարաձայնություններ գոյություն ունեն, այլև նաև բացահայտ դարձավ, որ բազմաթիվ երկրներ չեն սատարում Արևմուտքի դիրքորոշումը Ղրիմի հարցում»: Արամ Մանուկյանի խոսքով՝ ըստ էության, չեզոքություն պահպանած երկրներին կարելի է դիտարկել նրանց շարքում, ովքեր դեմ չեն Ղրիմի միացմանը Ռուսաստանին, բայց խուսափում են բացահայտորեն սրել հարաբերությունները ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ: «Այդ երկրներն ամենայն հավանականությամբ նույնպիսի դիրքորոշումը կցուցաբերեն նաև Ռուսաստանի դեմ հավանական տնտեսական պատժամիջոցների կիրառման դեպքում և չեն սատարի դրանց իրագործմանը»,-հավելեց ձորձագետը: Անրադառնալով նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հայտարարությանն  այն մասին, որ տնտեսական սանկցիաների կիրառումը կհարվածի նաև Արևմուտքին, հետևաբար դրանց ընտրության կամ կիրառման հարցում իրենք պարտավոր են հաշվի առնել հնարավոր բոլոր հետևանքները, քաղաքագետը նշեց.  «Կարելի է ենթադրել, որ Արևմուտքի սպառնալիքներն այդ առումով այլևս իրատեսական չեն, իսկ դրանց մասին հայտարարություններն առավելապես պարտադրված բնույթ են կրում, քանի որ Ռուսաստանի աշխարհաքաղաքական դիրքի ամրապնդումն Արևմուտքում բացասաբար է ընդունվում»: Ինչ վերաբերում է հայկական կողմի դիրքորոշմանը, Արամ Մանուկյանի կարծիքով,  հաշվի առնելով Արցախյան խնդրի առկայությունը, այն արդարացված է: «Նման խնդիր ունեցող երկիրը չի կարող ցուցաբերել այլ մոտեցում, քան ազգերի ինքնորոշման սկզբունքի պաշտպանությամբ հանդես գալն է»,-ընդգծեց զրուցակիցս ու հավելեց, որ ՄԱԿ-ում քվեարկության ժամանակ ի ցույց դրվեց հայկական կողմի սկզբունքայնությունն այդ հարցում:  

Տաթև Առաքելյան