29-10-2014 15:02

Փարիզյան հանդիպումը, անակնկալներ չմատուցեց, բայց տվեց որոշակի հարցերի պատասխաններ. քաղաքագետ

«Փարիզյան հանդիպումը, թեև ընդհանուր առմամբ անակնկալներ չմատուցեց, այդուհանդերձ տվեց որոշակի հարցերի պատասխաններ», news.gisher.ru-ի հետ զրույցւմ նշեց քաղաքագետ Արամ Մանուկյանը:Փորձագետ խոսքով՝ նախ վերջին շրջանում հաճախակի քննարկվում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունները շարունակելու նպատակահարմարության հարցը և որոշակի կասկածներ գոյություն ունեին, արդյոք այդ կառույցն ի զորու է իրականացնել իրեն վերապահված գործառույթները` առաջին հերթին խաղաղություն ապահովման առումով: «Նախագահների հանդիպման ժամանակ փաստորեն արձանագրվեց, որ համենայն դեպս մոտակա ժամանակաշրջանում այս ձևաչափը կպահպանվի: ԵԱՀԿ-ի դերկատարումը որպես տարածաշրջանային անվտանգության կարևոր դերակատար մեծացավ նաև Ուկրաինայի դեպքերի ժամանակ, քանի որ այն ակտիվ ներգրավվածություն ունի նաև այդ կոնֆլիկտը խաղաղ ճանապարհով լուծելու գործընթացում»,-մանրամասնեց Արամ Մանուկյանն ու հավելեց, որ հետևաբար կարելի է արձանագրել, որ այդ կառույցը պահպանում է իր նշանակությունը:
Քաղաքագետը ուշադրություն հրավիրեց, այն փաստի վրա, որ թեև հերթական անգամ շեշտադրում կատարվեց խաղաղ կարգավորման այլընտրանքի բացակայության վրա, այդուհանդերձ հատկապես ամռանը տեղի ունեցած իրադարձությունները փաստում են, որ քանի դեռ չկան վերջնական կարգավորման նախանշաններ, ադրբեջանական կողմը դարձյալ կարող է դիմել իրավիճակը շիկացնելուն ուղղված սադրանքների: «Հետևաբար արդյունավետության առումով նախընտրելի կլիներ ոչ թե բավարարվել կոչերով, այլ մշակել և բանակցությունների ընթացքում ներկայացնել գործնական մեխանիզմներ, որոնք կանխարգելիչ նշանակություն կունենային սահմանային լարվածության հետագա ծավալման հարցում»,-ընդգծեց վերլուծաբանը: Ամփոփելով խոսքը Արամ Մանուկյանը ասաց, որ ընդհանուր առմամբ կարող ենք փաստել, որ այս հանդիպումը որոշակի դրական նշանակություն ունի խաղաղ բանակցային գործընթացի շարունակականությունն ապահովելու առումով:

Տաթև Առաքելյան